Ուկրաինայում թռչնագրիպ կա՞. արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Հայաստան

Ուկրաինայում 2017 թվականից հետո սա թռչնի գրիպի գրանցման առաջին դեպքն է: Հիվանդության տարածումը կանխելու նպատակով 100 հազարից ավելի հավ է ոչնչացվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 Հունվար — Sputnik. Ուկրաինայից Հայաստան թռչնի գրիպի մուտքը կանխելու նպատակով վաղվանից թռչնամսի և առհասարակ թռչնամթերքի ներմուծման սահմանափակումներ կգործեն: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս մասին հաղորդագրություն է տարածել:

Արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան

«Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այս սահմանափակման հիմքն Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանում նշված հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունն է:

Տեսչական մարմինը հայտնում է, որ արգելանքը կգործի մինչև Վիննիցայի տարածաշրջանում թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերացման մասին ԿԱՀ-ի պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:

Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

Նշենք, որ ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ` Վիննիցայի տարածաշրջանում գործող գյուղատնտեսական ֆերմաներից մեկում մոտ մեկ շաբաթ առաջ մասնագետները թռչնի գրիպ էին հայտնաբերել: Նախնական տեղեկություններով` հունվարի 1-ի տվյալներով` նշված ֆերմայում 98 հազար թռչուն է եղել: Գրիպի տարածումը կանխելու նպատակով համապատասխան միջոցառումներ էին ձեռնարկվել, 100 հազարից ավելի հավ էր ոչնչացվել: Թռչնի գրիպի բռնկման դեպքեր 2020 թվականին արդեն գրանցվել են Հունգարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Չեխիայում: Ուկրաինայում 2017 թվականից հետո սա թռչնի գրիպի գրանցման առաջին դեպքն է: