Մնացականյանի ու Մամեդյարովի` կիսատ մնացած հանդիպումը շարունակվում է

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ներկա են նաև ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հանդիպումն անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ»,– գրել է նա:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկել էր երեկ։ Նաղդալյանը ուշ երեկոյան հայտնել էր, որ այն շարունակվելու է այսօր։

Հանդիպման օրակարգում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ է:

Նախորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակում։