ՄԻԵԴ–ն Ադրբեջանի բանտում մահացած հայ հովվի գործով որոշում է կայացրել

ՄԻԵԴ–ի որոշման համաձայն` Ադրբեջանի բանտում մահացած Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքն է խախտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան գործով տեղի են ունեցել մի շարք խախտումներ։ Դատարանը բավարարել է «Մամիկոն Սարիբեկյանը և Սիրանուշ Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հայցադիմումը։

ՄԻԵԴ–ի որոշումից, մասնավորապես, պարզ է դառնում, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2–րդ հոդվածը` կյանքի իրավունքը։ Բացի այդ, խախտվել է նաև ՄԻԵԿ–ի 3–րդ հոդվածը, որը սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

«Ադրբեջանական կողմը բանեցնում է ոճրագործներին բնորոշ գործելակերպ». Նաղդալյան

Ադրբեջանը մեկնաբանել է սահմանի վրա վրացի հովվի վիրավորումը

Դատարանը, ըստ այդմ, որոշել է` Ադրբեջանը հայցվորներին պետք է 60 հազար եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 2200 եվրո փոխանցի դատական ծախսերի փոխհատուցման համար։

Դիմումատուների ներկայացուցիչները դատարանում փաստաբաններ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանն են եղել (Զեյնալյանը 2018-19 թթ. արդարադատության նախարարն էր)։

Հիշեցնենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ` 20-ամյա Մանվել Սարիբեկյանը 2010–ի սեպտեմբերի 11-ին էր Ադրբեջանի տարածքում հայտնվել։ Նույն տարվա հոկտեմբերի 5-ին նա բանտում կախվել էր։ Ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացրել էին որպես ինքնասպանություն։

ՍՈՒ-30–ի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանա իր նպատակին արդյունավետորեն հասնել. Հարությունյան

Սարիբեկյանի դին Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել նոյեմբերի 4–ին` նրա մահից 1 ամիս անց։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ Սարիբեկյանն անասունները փնտրելու նպատակով սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել տնից և մոլորվելով Տավուշի մարզի` Ադրբեջանին սահմանակից գոտում` հայտնվել գերության մեջ: Ադրբեջանական կողմը նրան հայ դիվերսանտ էր որակել, ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպորտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն անցնելու պատրաստություն է անցել»: Հոլովակը հայտնվել էր նաև YouTube-ում:

Սարիբեկյանի ծնողները, սակայն, այլ բան էին պնդում. նրանք կարծում են, որ իրենց որդին ոչ թե եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է և հայտնվել Ադրբեջանում, այլ նրան սահմանից տարել են ադրբեջացիները:

Նրանք այդ հարցով ՄԻԵԴ էին դիմել 2011թ.–ի հունիսի 10–ին։

Ադրբեջանն ուզում է, որ Արցախ այցելած գործիչը ձերբակալվի. Հայրապետյանը զանգել է Թեոխարուսին