ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Իշխանությունը գնահատում է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի «անկեղծ մղումները»։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման ձևակերպում արեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում Արփինե Հովհաննիսյանին չընդգրկելու որոշմանը։
«Իրականում հանձնաժողովը դեռ չի ձևավորվել։ Թեկնածուներ ընտրելիս մենք նպատակ չունեինք, որ այնտեղ ընդդիմադիրներ կամ իշխանամետներ լինեին։ Այնտեղ պետք է լինեին 6 իրավաբան–գիտնականներ և քաղաքացիական հասարակության 2 ներկայացուցիչներ։ Տիկին Հովհաննիսյանի մասով գնահատում ենք իր անկեղծ մղումները, որ ինքը հայտարարել էր, որ «անկեղծ մղումներով» ուզում էր օգնել։ Մենք այս քայլով չենք ուզում ցույց տալ, թե իր օգնության կարիքը չունենք կամ ունենք»,– ասաց Բադասյանը։
Նախարարը հայտնեց, որ ներկայացված հայտում Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մասնակցել է սահմանադրական բարեփոխումների նախորդ հանձնաժողովի աշխատանքներին, բայց այդ տեղեկատվությունը չի հաստատվել։
«Կարծես թե խոսքը ոչ ֆորմալ մասնակցության մասին է, որովհետև մենք նայել ենք, տիկին Հովհաննիսյանը հանձնաժողովի աշխատանքներում որպես հանձնաժողովի անդամ չի եղել»,– ասաց նա։
Բայց սա, ըստ Բադասյանի, մերժման պատճառը չէ։ Արփինե Հովհաննիսյանի հայտը մերժվել է այլ հիմքով։
«Խնդիրը հետևյալն է` մեր պաշտոնական փաստաթղթում` դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ, նշվում է, որ քննադատություն է հնչում 2015թ.–ի սահմանադրական փոփոխությունների ու դրան հաջորդած պրոցեսների հետ կապված, և բնականաբար, մենք այդ փաստը չէինք կարող դրական առումով գնահատել հանձնաժողովի նոր կազմի ընտրություններում»,– ասաց Բադասյանը։
Նախարարը չհերքեց. ընդունված որոշումը քաղաքական է։
Բադասյանը հայտնեց նաև, որ հանձնաժողովի անդամների բոլոր ընտրված թեկնածուներն արդեն ներկայացվել են ՀՀ վարչապետի հաստատմանը։
Արփինե Հովհաննիսյանն ուզում է ընդգրկվել Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովում
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Ըստ այդ որոշման՝ հանձնաժողովի կազմում, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվել են վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:
2020թ.–ի հունվարի 20-ին Արփինե Հովհաննիսյանը Facebook-ում հայտնել էր, որ հայտ է ներկայացրել որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։