ՀԱՊԿ–ից պարզաբանել են` ինչու է կարևոր Հայաստանի պաշտպանական ներուժի ուժեղացումը

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը խոսել է Հայաստանին ժամանակակից ռուսական զենք մատակարարելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik.Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ուժեղացումն ու ՀՀ ԶՈւ–ին ժամանակակից սպառազինությամբ զինելը Հայաստանի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ անվտանգության ամրապնդման կարևորագույն ուղղություններից մեկն է։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։

ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի քայլերը լարվածություն են ստեղծում Կովկասում. Սիդորովը` Վրաստանի մասին

2019 թվականին Հայաստանը Ռուսաստանից ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի մեծ քանակ է ստացել, մասնավորապես` ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրներ և ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ։

Սիդորովի կարծիքով` Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ կովկասյան ուղղության ամրապնդման առանցքային բաղադրիչներից է։

«Ամրապնդման գործոններից մեկն էլ այն է, որ Հավաքական ուժերի զորքն ուժեղացվում է անմիջապես հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում։ Մենք այս տարի մի շարք օպերատիվ միջոցառումներ ենք նախատեսել, որոնք կանցկացվեն հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում», – ասաց գեներալը։

Սիդորովը վստահեցրեց, որ ՀԱՊԿ–ի անդամ ցանկացած պետության ուժեղացումը բխում է բուն կառույցի շահերից։

«Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում և ռազմավարության մեջ, որն ընդունել են պետության ղեկավարները, նշված է, որ ամեն դեպքում ՀԱՊԿ ներուժի բարձրացման հիմնական աղբյուրը ազգային կոնտինգենտների, ազգային խմբավորումների ուժեղացումն է», – ասաց շտաբի պետը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ–ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։

Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի