Տաթև Հայրապետյանի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել հետաքրքիր միջադեպ: Երբ զեկույցը դեռ քննարկվում էր իրավական հարցերով հանձնաժողովում, ադրբեջանական կողմն իմիտացիա էր արել, թե պատրաստ է ընդունել այդ զեկույցը, պատրաստ է համագործակցության՝ փորձելով խաբել գլխավոր զեկուցողին, թե Ադրբեջանում իրավիճակը փոխվում է:
«Ադրբեջանցիները փորձում էին փոխել իրենց առնչվող զեկույցի դրույթները, ինչն ընդհանրապես չհաջողվեց, քանի որ գլխավոր զեկուցողը համառ էր իր դիրքորոշման մեջ՝ նշելով, թե այսպիսի երկիրն ինչպե՞ս է շարունակում մնալ ԵԽԽՎ անդամ: Եզրափակիչ խոսքում զեկուցողը նույնիսկ նշեց, որ ադրբեջանցի պատվիրակներն ունակ չեն լսել տարբերվող կարծիքներ և նույն կերպ վարվում են իրենց երկրում՝ ձերբակալելով այլախոհներին»,- պատմում է ԱԺ պատգամավորը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական քննարկումներին՝ Տաթև Հայրապետյանը հայտնեց, որ հակադարձել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարին՝ շեշտելով որ եթե ցանկանում են կանխել կոնֆլիկտները, ապա պետք է պայքարեն ավտորիտարիզմի դեմ, իսկ միջոցներից մեկն էլ նշված զեկույցն է և Ադրբեջանում առկա խնդիրների արծարծումը:
Տաթև Հայրապետյանի տեղեկացմամբ՝ քննարկումների վերջում ադրբեջանցիները կրկին փորձել են ամեն ինչ շրջել հայերի դեմ, խոսել են տարբեր խնդիրների մասին՝ փորձելով ամբողջությամբ փոխել թեման: Ըստ Հայրապետյանի՝ նրանք, ըստ էության, սրտնեղում են այն հսկայական արժեհամակարգային և ընկալումային տարբերությունից, որ կա Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի խորհրդի կողմից:
ՄԻԵԴ–ն Ադրբեջանի բանտում մահացած հայ հովվի գործով որոշում է կայացրել
Նշենք, որ ԵԽԽՎ–ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունել է ազգությամբ իսլանդացի Թորհիլդուր Սուննայի հեղինակած «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը: Քննարկումն անցել է լարված մթնոլորտում: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեմիդ Սեյիդովն իր դժգոհությունն է հայտնել, որ հայ պատվիրակները որոշել են գրանցվել և խոսել այդ թեմայով: