ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Տեղեկությունը, ընթացող հանդիպման լուսանկարով, Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հանդիպումը անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Զոհրաբ Մնացականյանը հունվարի 29-ին և 30-ին Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց միջնորդությամբ Մնացականյանը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
Մենք Ադրբեջանի հետ բանակցում ենք` անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում. Մնացականյան
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակում։