ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի համար զարմանալի չէ, որ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը չի ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։
Նշենք, որ այսօր`հունվարի 29–ին, Արդարադատության նախարարությունը հրապարակեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
«Մի կողմից ինձ համար զարմանալի չէ, որովհետև այսօրվա իշխանությունների գործելաոճն է` խուսափել այլ կարծիք լսելուց։ Մյուս կողմից զարմանում եմ, որովհետև դիմածներից առավել փորձառուն Արփինե Հովհաննիսյանն էր»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցին`նախկին նախարարը նշեց, որ յուրաքանչյուր փաստաթուղթ կարելի է հավերժ բարեփոխել, և չկա կատարելության մի աստիճան, որից հետո այն հնարավոր չէ փոխել։
«Այլ խնդիր է իրավական և քաղաքական նպատակահարմարությունը։ Եթե Սահմանադրությունը սկսենք բարեփոխել ամեն տարի, դա անհեթեթ կլինի և չի կարելի գնալ այդ ճանապարհով, քանի դեռ Սահմանադրությունը ցույց չի տվել, որ փակուղային է»,–մեկնաբանեց Հարությունյանը։
Հրայր Թովմասյանը խոսում է քաղաքական ընդդիմախոսի լեքսիկոնով. «Իմ քայլը»` ՍԴ–ի խնդրի մասին
Նրա խոսքով` գործող Սահմանադրությունն առաջադրել է մի շարք խնդիրներ հանրային հարաբերությունների կարգավորման առումով, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն, ցույց տան իրենց կենսունակությունը կամ թերությունները, որից հետո կգա բարեփոխումների հաջորդ փուլը։ «Ես չեմ կարծում, որ այդ բարեփոխումների պարբերականությունը կարող է լինել 10 տարուց շուտ»,–նկատեց նա։
Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը շուտով կհանգուցալուծվի. Փաշինյան
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի` 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Ըստ այդ որոշման՝ հանձնաժողովի կազմում, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվել են վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: