Լեոնիդ Ներսիսյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, թե որքան շուտ ՀՀ-ն կկարողանա նոր ստացած չորս կործանիչները շահագործել՝ դրանց համար նախապատրաստելով համապատասխան ենթակառուցվածքներ ու դնելով մարտական հերթապահության. դրա համար կպահանջվի որոշակի ժամանակ:
«Մինչև չկատարվեն նշված աշխատանքները, իմաստ չկա մտածել նոր խմբաքանակ ձեռք բերու մասին: Բայց, քանի որ նշված գործընթացը պետք է ենթադրաբար նախապես պլանավորված լիներ, հետևաբար, ՊՆ-ում գիտեն, թե որքան ժամկետներով կկնքեն մյուս խմբաքանակի ձեռքբերման համաձայնագրերը: Դա կարող է լինել, օրինակ, 2020 թվականի վերջը, կամ 2021 թվականը: Ամենայն հավանականությամբ, խոսք կգնա ևս ութ կործանիչ ձեռք բերելու մասին»,- նշում է փորձագետը:
Լեոնիդ Ներսիսյանի գնահատմամբ՝ 12 հատ կործանիչը քիչ խմբաքանակ չէ, առավել ևս, որ Հայաստանի տարածքը փոքր է, իսկ մեր հակառակորդն իր հերթին չունի այդքան կործանիչներ: Նրա հաշվեկշռում ՄԻԳ-29 կործանիչներ են, որոնք ի տարբերություն ՍՈՒ-30-ի, բազմաֆունկցիոնալ չեն, օդային պայքարում լավ կիրառվում են, սակայն ցամաքային թիրախները խոցելիս այդքան էլ էֆեկտիվ չեն:
Լեոնիդ Ներսիսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի սպառազինության ծավալներն իսկապես աճում են: 2016թ.-ից սկսած՝ մեծ ծավալի ռազմական տեխնիկա է ներկրվել Հայաստան: Օրինակ՝ ՍՈւ-30-ների գործարքը Հայաստանի պատմության մեջ ամենաթանկն է:
Մեր երկիրը պետք է շարունակի մյուս տարի էլ այս տեմպերը պահպանել ու չդանդաղեցնել, որովհետև Ադրբեջանը 2007-14թթ. միջակայքում մեծ ծավալի ռազմատեխնիկա էր գնել՝ առաջացնելով դիսբալանս, ինչը նրան դրդեց ապրիլյան քառօրյա պատերազմի: Ըստ Ներսիսյանի՝ անշուշտ պետք է իրավիճակը փոխվի, որպեսզի Ադրբեջանն այլևս չմտածի խնդրի ռազմական լուծման մասին:
Մինասյան. «Հավատում էինք հաղթանակին, որովհետև մեր հողից ուրիշ տեղ չենք կարող գնալ»
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման հերթական տարեդարձի առթիվ Եռաբլուր պանթեոն կատարած այցի ժամանակ վստահեցրել է` ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ների նոր խմբաքանակ կստանա առաջիկայում։