ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik.Հայաստանում այժմ երկու չինացի կա, որոնք մեկուսացված են. նրանցից մեկին հետազոտում են, քանի որ նրանց թույլ չի տրվել հատել Վրաստանի սահմանը ջերմություն ունենալու պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեղեկությունը հայտնեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:
«Երկու չինացիներից մեկը չի ունեցել ջերմությունը, մյուսի մոտ 37 աստիճան ջերմություն է գրանցվել: Վերջինս հիմա ռենտգեն ուսումնասիրություն է անցնում, թոքերն են ստուգում: Բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ ուղղակի շնչառական վարակ, սակայն երկուսին էլ մեկուսացրել ենք»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ չինացիները վերջին երկու շաբաթվա ընթացքում ապրել են Վրաստանում, հետո նոր Երևան եկել, ուստի նրանց՝ կորոնավիրուսով վարակված լինելու հնարավորությունը մինիմալ է: Հայաստանը, սակայն, չունի կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստ՝ ռեագենտ։ Թորոսյանը հայտնեց, որ տարածաշրջանի երկրները նույնպես չունեն նման հնարավորություն:
Հարցին, թե եթե չունենք թեստ, ապա ինչպե՞ս են վարակի առկայության կասկածի դեպքերը պարզելու՝ Թորոսյանը պատասխանեց, որ եվրոպական երեք երկրների հետ կա պայմանավորվածություն, ըստ որի՝ կարող են նաև այնտեղի հիվանդանոց ուղարկել արդյունքները:
«Կասկածների դեպքում մենք կարող ենք Անգլիա, Ռոտերդամ, Գերմանիա ուղարկել՝ վարակի հաստատման համար: Բացի այդ, կարող ենք նաև Ռուսաստան ուղարկել, քանի որ համագործակցում ենք նաև ՌԴ գործընկերների հետ: Մենք կունենանք այդ թեստերը տասը օրվա ընթացքում, սակայն քանի որ Հայաստանը համարվում է կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկայնության երկիր, նախ դրանք տրամադրում են այլ երկրներին»,-ասաց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Չինաստանում արդեն իսկ 5997 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 132 դեպք: Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։
Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։