Ռուսական հեռուստաալիքները կարող են փակվել. ՀՌՀ–ն դեմ է արտասահմանյան ալիքների հեռարձակմանը

Տիգրան Հակոբյանը վստահեցնում է, որ իր հայտարարությունը հակառուսական բովանդակություն ու ենթատեքստ չունի։ Նրա խոսքով` դրսի շահերը սպասարկող քարոզչական հեռուստաալիքներ Հայաստանում չպիտի լինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հեռուստատեսության ու ռադիոյի  հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։

Օտարերկրյա հեռուստաալիքները պետք է դուրս գան պետական մուլտիպլեքսից. Հակոբյան

«Որովհետև մենք օտար հեռարձակողի վրա որևէ ազդեցություն չունենք։ Վաղն այդ օտար հեռարձակողներից որևէ մեկի հսկիչ փաթեթն, օրինակ, կարող է գնել Ադրբեջանը ու սկսի հակահայկական քարոզչություն անել։ Տեսական բան չեմ ասում, այդ ամենը միշտ հնարավոր է։ Մենք այդ հեռուստաընկերության նկատմամբ որևէ իրավասություն չենք կարող ունենալ, որովհետև դա դրսի հեռուստաընկերություն է»,– ասաց նա։

Այդուհանդերձ, որոշ բացառություններ, ՀՌՀ նախագահի դիտարկմամբ, կարող են լինել` միջպետական պայմանագրերի, կամ հանրօգուտ բովանդակությամբ հեռուստաընկերությունների դեպքերում։

«Օրինակ` շատ լավ մանկական հեռուստաընկերություններ կան դրսում։ Դրանք կարող են հանրային մուլտիպլեքսում լինել։ Օրինակ` English Club-ը, որը մարդկանց անգլերեն կսովորեցնի։ Վաղը կարող է լինել ինչ–որ չինական հեռուստաընկերություն, որը մարդկանց չինարեն է սովորեցնում կամ ծանոթացնում չինական մշակույթին։ Բայց քարոզչական ալիքներ, որոնք դրսի շահերն են սպասարկում, խոսում են դրսի խնդիրներից, այստեղ չպիտի լինեն»,– նշեց Հակոբյանը։

Հակոբյան. «Ռուսաստանյան TV-ների հեռարձակման սահմանափակումը նաև քաղաքական հարց է»

Նրա դիտարկմամբ` այսօր Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են դյուրահավատ հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ։

«Օրինակ` վրացիների մասին, ուկրաինացիների մասին, որովհետև տվյալ պետությունը նրանց հետ թշնամական հարաբերություններ ունի։ Իսկ Վրաստանը մեր հա՛մ հարևանն է, հա՛մ դաշնակիցը։ Կան արևմտյան ընկերություններ, որոնց թշնամին կամ հակառակորդը Իրանն է, ու նրանք կարող են այդ հեռուստաընկերությամբ հակաիրանական բովանդակություն եթեր տալ»,– ընդգծեց նա։

Պայքար տեսահենության դեմ. հեռուստաընկերությունները միավորվում են հանուն ընդհանուր նպատակի

Նախապես կանխելով հնարավոր մեկնաբանությունները, որ իր հայտարարությունները կրում են հակառուսական բնույթ ու ուղղված են հատկապես ռուսաստանյան հեռուստաալիքների դեմ, Հակոբյանը շեշտեց, որ դրանք վերաբերում են բոլոր օտար հեռարձակողների չթարգմանված ու օտարալեզու բովանդակությամբ ծրագրերին։

Այս կարգավորումը, Հակոբյանի համոզմամբ, առաջիկայում պետք է ամրագրվի նաև ՀՀ օրենսդրությամբ։