Ռեֆորմների փոխարեն տեսնում ենք պայքար հների դեմ. ԼՀԿ պատգամավոր

Եթե ընդդիմությունը չզսպի իշխանությանը, ապա երկիրը կհայտնվի այն նույն իրավիճակում, ինչպիսին կար մինչև հեղափոխությունը։ ԼՀԿ–ն կարծում է, որ նոր իշխանությունը շարունակում է գործել ՀՀԿ–ի ոճով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանում «հների» դեմ պայքարը շարունակվում է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Կլասիկ քաղաքականությու՞ն, թե՞ կլասիկ պատերազմ». Sputnik–ի հյուրը Գևորգ Գորգիսյանն է

«Այն սպասումները, որ հանրությունն ուներ կառավարությունից, նոր իշխանությունից  բարեփոխումներն էին դատաիրավական, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում։ Այդ բոլոր ռեֆորմների փոխարեն մենք տեսնում ենք պայքար հների դեմ»,– ասաց նա։

Նման պայքարն ընդդիմադիր պատգամավորն ուշացած ու անտեղին է համարում` նշելով, որ դրա փոխարեն հանրությունը կարոտ է իրական ռեֆորմների։

«Այդ ռեֆորմները թողած քաղաքական մեծամասնությունն իր ամբողջ ռեսուրսը, էներգիան կենտրոնացրել է ՍԴ–ի դեմ»,– նշեց Գորգիսյանը։

Անդրադառնալով հունվարի 25-ի ասուլիսում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հասցեին վարչապետի հնչեցրած գնահատականին, թե նա կարող է հայտնվել Աշոտյանի վիճակում, Գորգիսյանը նշեց, որ նորմալ է համարում, որ իշխանությունը գոհ չէ ընդդիմությունից, բայց խնդիր է տեսնում երկրի առաջին դեմքի բառապաշարի մեջ։

Միրզոյանը հուսով է, որ Գորգիսյանը փոխգնդապետին ծեծելու գործով ցուցմունք կտա. ԱԺ–ում թեժ է

«Եթե դուք լեգիտիմ ուժ եք և շատ ձայն հավաքած, դա դեռ չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան ու ամենաթողություն թույլ տաք»,– ասաց նա։

Գորգիսյանը ձևակերպմամբ` եթե ընդդիմությունը չզսպի իշխանությանը,  ապա երկիրը կհայտնվի այն նույն իրավիճակում, ինչպիսին կար մինչև հեղափոխությունը։ Պատգամավորը շեշտեց, որ այդ կերպ էր գործում նաև Հանրապետական կուսակցությունը։

«Լուսավոր Հայաստանը» խնդրում է իշխանությանը չշարունակել «Քոչարյանի գիծը»

Հիշեցնենք` ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Աշոտյանին հիշատակել էր այն ժամանակ, երբ լրագրողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գործունեության մասին հարց էին տվել։ Փաշինյանը կանխատեսել էր, որ այդկերպ շարունակելու դեպքում, նա կարող է հայտնվել Աշոտյանի կարգավիճակում։ Լրագրողի դիտարկմանը, թե որ դերի մասին է խոսքը, Փաշինյանն ասել էր` ստեղծագործական: