«Հայոց բանակն այս հայրենիքը նվաճել է ոչ կորստյան մատնելու համար». Փաշինյանի շնորհավորանքը

ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում խոստացավ, որ Զինված Ուժերի մարտունակությունը բարձրացնելը, ծառայության պայմանները բարելավելը լինելու են իրենց քաղաքականության անբաժանելի մասը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակի 28–ամյակի միջոցառումներին է մասնակցում Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում։ Տոնական միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ հղեց ներկաներին և հայ զինվորներին` ավարտելով այն իր բանաստեղծությամբ, որը գրել է 2016–ի մայիսին, Արցախում։

ՀՀ վարչապետի խոսքով` որպես 21–րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդ պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու իրավունքը վաստակել ենք Հայոց բանակի, Հայոց ազատամարտի շնորհիվ։

«Պատիվ ունես ծառայելու հայկական բանակում». սիրիահայ տղան իրականացնում է նաև հոր երազանքը

«Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում, այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտի նահատակների արյունով»,–ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ 20–րդ դարի վերջին արդեն հայ ժողովուրդը որոշեց, որ այլևս ցեղասպանության զոհ չի լինելու։ Եվ եթե զոհվելու ենք, ապա միայն ու միայն զենքը մեր ձեռքին, միայն ու միայն ապրելու լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս։

ՍՈՒ-30–ի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանա իր նպատակին արդյունավետորեն հասնել. Հարությունյան

«Մենք բոլորս ամեն օր պետք է մեզ հարց տանք` իսկ ինչով ենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող մեր հայրենիքում։ Ես որպես ՀՀ վարչապետ և մեր պետական բոլոր այրերը պետք է այս հարցն ամեն օր մեզ տանք։ Վերջին 1,5 տարում մենք բազմաթիվ քայլեր ենք իրականացրել ՀՀ ԶՈւ–ում։ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այսօր ի զորու են անհրաժեշտ միջոցներ տրամադրել սեփական անվտանգությունն ապահովելու համար»,–ընդգծեց ՀՀ վարչապետը։

Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է. ՍԴ նախագահ

Նա խոստացավ, որ Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելը, ծառայության պայմանները բարելավելը լինելու է իրենց քաղաքականության անբաժանելի մասը և ընդգծեց, որ Հայոց բանակը հիմա ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, իսկ հայ ժողովուրդն էլ ավելի վստահ է բանակի ուժերի վրա։

«Հայրենիքը հպարտ է իր զինվորով, և ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ավելի ու ավելի հպարտ պիտի լինի հայրենիքով, հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում։ Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ որ ավելի զարգացած ու ապահով հայրենիք ժառանգենք մեր սերունդներին։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,  կեցցե՛ հաղթանակած ու փառապանծ Հայոց բանակը»,–ասաց Փաշինյանը։

Պարգևատրումներ, հանդիսավոր քայլերթ. ինչպես են Գյումրու կայազորում նշում Հայոց բանակի տոնը

Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 28- ամյակը։ ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը և կառավարության այլ անդամներ առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն` զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։ Հետո Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ` այնտեղ տոնական միջոցառումներին մասնակցելու։