ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լավատեսորեն սպասում է, որ ոչ միայն իր բոլոր հրեա ընկերները, այլ նաև Իսրայելի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի վերջո` ճանաչումը ընդամենը քայլ է, սակայն քայլ է դեպի ապագա։ Այս միտքը ՀՀ նախագահն արտահայտել է Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը տված հարցազրույցում։
«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ նախագահի թեկնածու Բայդենը` Ցեղասպանության բանաձևի մասին
ՀՀ նախագահը նշել է, որ նախ և առաջ իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը, և իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին:
Թուրքիան պետք է պատասխան տա Հայոց ցեղասպանության համար, ինչպես գերմանացիները` Հոլոքոսթի
Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ինչպիսին է Հայաստանի նախագահի զգացողությունն այն պարագայում, երբ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում դիտարկել այն պատճառները, որոնց հիման վրա Իսրայելի խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ես ճանաչում եմ շատ հրեա քաղաքական գործիչների, ովքեր սատարում են ճանաչման գործընթացին: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Իսրայելի խորհրդարանը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մեկ բան պարզ է: Եթե պատճառը ներկայիս քաղաքական շահերը, քաղաքական հարաբերությունները կամ ապագայի քաղաքական, միգուցե, նաև տնտեսական շահերն են, դա ինձ շատ է տխրեցնում, քանի որ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասերը մեզ սովորեցնում են, որ չկա որևէ բան, հանուն որի կարելի է զիջել՝ թույլ տալով, որ նման դեպքերը նորից կրկնվեն»,- ընդգծել է Հանրապետության նախագահը:
Սարգսյանը, սակայն, նշել է, որ ինքն այն քաղաքական գործիչներից է, որոնք երբեք չեն կորցնում լավատեսությունը: Նախագահն ակնկալում է, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները կխորանան, քանի որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն. երկուսն էլ փոքր պետություն են, սակայն հսկայական մշակույթ ունեցող մեծ ազգ:
Նա նշել է, որ լավատեսորեն սպասում է, որ ոչ միայն իր բոլոր հրեա ընկերները, այլ նաև Իսրայելի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմ է գնացել Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։