ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Այսօր հայտնի և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար սովորական օր է, ուղղակի երեկոյան նրա հարազատները հավաքվելու են իր տանը` զրուցելու ու նաև կենաց բարձրացնելու` նրա ծննդյան օրը շնորհավորելով։ Մաեստրոն այսօր 81 տարեկան է դառնում։
Արդեն ավանդույթ է դառնում ծննդյան օրը լրագրողների հետ հանդիպելը. նախորդ տարի նույնպես Մանսուրյանի ծննդյան օրը ասուլիս եղավ։ Այնուամենայնիվ, մաեստրոն նշում է, որ ուրախ է` այս ծննդյան օրն էլ է անցնելու։
Տարիների հեռվից իր ունեցած–չունեցածը ծանրութեթև անելով` մաեստրոն խոստովանեց` երբեմն երիտասարդ տարիքի այս կամ այն թռիչքին ուզում է նորից հասնել։
«Այնպես չէ, որ տարիքս չեմ զգում»,–ժպտալով «արդարանում» է Մանսուրյանը։
Նա այսօր առավոտյան ժամը 5–ին է Չեխիայի Բռնո քաղաքից վերադարձել, որտեղ երկու համերգ է ունեցել։ Հնչել է նաև «Ռեքվիեմը»։ Մանսուրյանն ուրախությամբ է նշում, որ իր «Ռեքվիեմն» անցել է աշխարհի տարբեր մայրցամաքներով` Հարավային Ամերիկայով, Հարավային Կորեայով, Եվրոպայով, Ռուսաստանով և, բնականաբար, Հայաստանով։ Ի դեպ, «Ռեքվիեմը» նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Դրսում համերգները, ճամփորդությունները Մանսուրյանին մի քանի օրով կտրում են գործից ու լավ ազդեցություն ունենում նրա վրա։
«Ես աշխատում եմ հեռանալն օգտակար դարձնել. երբ ճամփորդում ես ու 2-3 օրով գործից կտրվում, հայացքդ «նորոգվում» է աշխատանքիդ նկատմամբ»,–ասում է մաեստրոն։
Ինչ վերաբերում է նոր ստեղծագործություններին` Մանսուրյանն այժմ շատ ծանր մի գործի վրա է աշխատում, որն աշնանը պետք է հնչի Իտալիայում։ Այն ծավալուն գործ է` նվագախմբի, երգչախմբի և մեներգչի համար։ Կոմպոզիտորը, ճիշտ է, չհիշեց` ում հետ է պայմանագիր կնքել` Իտալիայի կառավարությա՞ն, թե՞..., սակայն մանրամասնեց` այս տարի Դանթե Ալիգիերիի ծննդյան 100–ամյակն է լրանում և իրեն պատվիրել են Դանթեի «Աստվածային կատակերգության» «Քավարան» բաժնի համար երաժշտություն գրել։
Մաեստրո Մանսուրյանի սիրելին, կամ ինչպես է հայտնվել Երևանի «ամենաերաժշտական ծառը»
Ստեղծագործության «Դրախտ» և «Դժոխք» բաժինների համար երաժշտություն են գրում ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրոն և իտալացի մի կոմպոզիտոր, որի անունը մաեստրոն չմտաբերեց ու ժպտաց մեղավոր հայացքով։
Դանթեի «Աստվածային կատակերգությունը» երաժշտության վերածված` կհնչի իտալական երեք քաղաքներում, առաջինը` Ռավեննայում։
Մանսուրյանը նշում է, որ Դանթեի աշխարհն աշխարհ չէ, տիեզերք է անսահման, և չնայած բավական խորացել է, ուսումնասիրել նրա գործերը, սակայն անուններ կան, որոնց ուսումնասիրելը վերջ չունի։
«Չեմ կարող ասել, որ իր հետ հարցերս լուծեցի, ընդհակառակը` ավելի խորքերն ուսումնասիրելու պահանջ առաջացավ»,–ասաց նա։
Որքան էլ դրսից պատվերներ է ստանում մաեստրոն, «ուշքումիտքը» հայ դասական պոեզիան է, և անում է ամեն ինչ, որ իր ստեղծագործություններում հնարավորինս տեղ բացի հայ պոեզիայի համար։
Մանսուրյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ծննդյան 80–ամյակի առիթով կազմակերպված երկու համերգներին էլ հնչել են իր ստեղծագործությունները` նվիրված Իսահակյանի և Չարենցի գործերին։ Սրանք նրա համար ամենակարևոր համերգներն են եղել, քանի որ շատ է կարևորում մեր պեոզիան դասական կոմպոզիտորական մտածողության դաշտ բերելը։
Տիգրան Մանսուրյանի անցած ուղին մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ. Փաշինյան
Խոսելով ժամանակակից կոմպոզիտորների մասին` Տիգրան Մանսուրյանն առանձնացրեց Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Արթուր Աքշելյանի անունները։ Մանսուրյանը նշում է` ժամանակակից հայ կոմպոզիտորների թիվը շատ չէ, սակայն վաղը նրանց թիվը կավելանա, և կռիվը, որ կա մեր օրերում հնչող երաժշտության դեմ, ինքն իրեն վերանալու է։
«Կյանքն իր հունով շարժվում է»,–խոսքն ամփոփեց Մանսուրյանը։
Լրագրողների հետ հանդիպումն ավարտվեց երաժշտությամբ` Մանսուրյանը «Կտոր մը երկնքի» երաժշտությունը կատարեց։
Մանսուրյանի մայրը մանկատան սան է եղել. մաեստրոն հիշել է ցեղասպանությունից տուժած ծնողներին