Երեք աշխատող արագաչափ կա ամբողջ Գյումրիում. ավտովթարներն ու երթևեկության մշակույթի պակասը

Գյումրիում հարթ ու ասֆալտապատ փողոցներն ավելացել են, բայց ճանապարհատրանսպորտային պատահարները չեն քչացել։ Արագության գերազանցման դեպքերը շատ են, որովհետև քաղաքում միայն 3 աշխատող արագաչափ կա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիի հատկապես նորոգված փողոցներում արագության գերազանցման դեպքերը շատ են: Արագություն գերազանցող վարորդներին սթափեցնող արագաչափերը քաղաքում 5-ն են, նրանից սակայն աշխատում են 3-ը:

«Մեռյալ կետից միանգամից սկսեցինք բարձրանալ». Գյումրու քաղաքապետը զարմացած է

Դրանց քանակն, այս տարի ավելացնել հնարավոր չէ: Գյումրիում արագաչափեր տեղադրելու խնդրանքով նախ որպես վարորդ, ապա որպես Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը դիմել էր ՀՀ վարչապետին։ Վարչապետին ուղղված նամակին սակայն, ՀՀ ճանապարհային ոստիկանությունն էր պատասխանել` ասելով, որ 2020 թվականի համար Գյումրիում արագաչափեր տեղադրելու աշխատանքներ նախատեսված չեն:

Նշենք, որ ինչպես Գյումրու քաղաքապետարանը, այնպես էլ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու հասարակ գյումրեցիները վստահ են՝ արագաչափեր պետք են։

Կլանային որոշո՞ւմ. Շիրակի մարզպետի`ԲԿ տնօրենի նշանակումը թեժ քննարկումների առիթ է տվել

«Մենք երկու ձեռքով կողմ ենք, որ Գյումրիում ունենանք արագաչափեր և տեսանկարահանող սարքեր, բայց դրա հնարավորությունը չունենք»,-ասում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը` հավելելով, մինչ արագաչափերի տեղադրումն անհրաժեշտ է, նաև որ փողոցները կահավորվեն ճանապարհային նշաններով: Քաղաքապետարանը հաշվել է` Գյումրիի փողոցներում 6000 ճանապարհային նշան է պետք: 700-800 մլն դրամ պետք է ծախսել համապատասխան նշաներն ունենալու համար, որից հետո ամեն տարի 200-250 մլն պետք է եղածը պահպանելու համար: Պահանջվող գումարը Գյումրիի տեղական բյուջեի համար մեծ ծախս է:

Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում

Արագաչափերից ավելի երթևեկության մշակույթ է պետք ձևավորել: «Հունվար ամսին 800-900 վարչական արձանագրություն է կազմված Շիրակի մարզում, որից 55-ը՝ ոչ սթափ վարորդների նկատմամբ: Պետք է երթևեկության կուլտուրա մտցնել»,- նշում է ՃՈ 3-րդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը:

Արագաչափերի տեղադրման և դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ հարցն առաջիկայում կդրվի հանրային քննարկման, որից հետո առաջարկները կներկայացվեն օրենսդիրին: