ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իշխող քաղաքական ուժին առաջարկում է փոխել երկրի վարչապետին։
«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»,– Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վանեցյանը:
Հիշեցնենք, հունվարի 25–ին Կապանում կայացած իր ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե չի վախենում Արթուր Վանեցյանի սպառնալիքներից, որ շուտով կխոսի, ասել էր`արդյո՞ք ինքը նման է մեկին, որ կվախենա Վանեցյանից։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 25–ին Սյունիքում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018թ.–ի մայիսից` նախ ամենօրյա, ապա ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն` ասելով` քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ հանդես էր եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ վարչապետի ասուլիսում հրապարակված տեղեկությունների։
«Հարկ եմ համարում հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի` ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ»,–հայտնում է Թովմասյանը։
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերությունը
Նա նշել էր, որ ուղիղ 20 օր համբերատար սպասելու է, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Այսօր` հունվարի 26–ին, վարչապետ Փաշինյանը Facebook-ի իր էջում իբրև իր խոսքերի ապացույց ներկայացրեց Հրայր Թովմասյանի իրեն նվիրած գրիչը, որը ՍԴ նախագահը տվել էր նրան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։