ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Մարգար Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հետ արդեն խոսել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին։
Հին ու նոր անուններ. ո՞վ կարող է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում
«Ճիշտ է, պաշտոնական առաջարկ չեմ ստացել (նկատի ունի գրավոր,–խմբ.), բայց բանավոր խոսակցություններ եղել են և՛ Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումից առաջ, և՛ նրա հեռանալուց հետո»,–ասաց Մարգար Աղաջանյանը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն Աղաջանյանը համարում է յուրաքանչյուր հայ մարզչի կարիերայի լավագույն պահը։ Ասաց` ամբողջ կյանքն իրանական ֆուտբոլին է նվիրել, բայց երբեք չի մոռացել պատմական հայրենիքի մասին ու հպարտ է, որ հայ է:
Ովքեր են Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. տրանսֆերային պատուհաններ և անակնկալներ
Այն, որ Մարգար Աղաջանյանը մեծ փորձ է կուտակել իր մարզչական աշխատանքի ընթացքում, կասկածից վեր է: Լինելով ֆուտբոլային վերլուծաբան` Աղաջանյանը շատ լավ է պատկերացնում, թե ինչի են ընդունակ իր թիմը և մրցակիցները: Իսկ Հայաստանի հավաքականի ու հայկական ակումբների ելույթները միշտ էլ եղել են իրանահայ մարզչի տեսադաշտում:
«Ես մեծ ուշադրությամբ եմ հետևում Հայաստանի հավաքականի ու հայկական աառաջատար ակումբների ելույթներին: Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ ներուժ ունի: Եվրո-2020-ի ընթացքում տեսել եմ, թե ինչպես կարող է խաղալ ազգային թիմը, տեսել եմ, թե ինչպես կարող էր «Արարատ-Արմենիան» դուրս գալ Եվրոպայի լիգայի խմբային փուլ: Որպես մարզիչ` կարող եմ ասել, որ իհարկե անելիքներ կան: Առանց դրա հնարավոր էլ չէ: Պետք է աշխատել ու երբեք կանգ չառնել` հավատալով ու վստահելով սեփական ուժերին: Հայկական ֆուտբոլն առաջընթացի հնարավորություններ ունի»- ասաց Աղաջանյանը:
Նշենք, որ 2016 թվականին աշխարհի առաջնության ընտրական խաղերից առաջ Իրանի հավաքականը ժամանեց Հայաստան ու ուսումնամարզական հավաք անցկացրեց ֆուտբոլի Երևանի ակադեմիայում: Դեռևս այն ժամանակ հանդիպելով Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշի օգնական Մարգար Աղաջանյանին` հասկացանք, որ հայ մասնագետը երբեք չի մոռացել Հայաստանը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչներից մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր հաջողությունների են հասել: Ընդ որում, հաջողությունների մեծ մասն էլ սահմանափակվել է մեկ կամ երկու խաղով: Իսկ ֆուտբոլում կարևորը վերջնական արդյունքն է:
Վարդան Մինասյանի ու նրա հավաքականի հաջողությունն առայժմ միակ օրինակն է:
Մնացած ընտրական մրցաշարերում մեր ընտրանին չի կարողացել լուրջ պայքար մղել խմբում առաջին կամ երկրորդ տեղի համար: Խնդիրներն իհարկե բազմաթիվ են` կապված ֆուտբոլիստների ընտրության հետ, վերջացրած մարզչի գործոնով: Մենք անընդհատ փորձում ենք փնտրել հեռվում, ինչպես ասում են` «Հեռվի զուռնի ձենը քաղցր է», բայց նաև թանկ է, սա էլ չմոռանանք: Իսկ մենք մոտիկ էլ տարբերակ ունենք։
Բրազիլացու հայկական հետքը. ինչպես էր Պիզելին հայերեն թարգմանում հայերի համար
Մարգար Աղաջանյանը միակ հայ մարզիչն է, որը մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլին: Ընդ որում, Աղաջանյանը եղել է Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշի օգնականը 2014 և 2018 թվականների մունդիալների ժամանակ: Այսինքն, մենք ունենք ևս մեկ թեկնածու, որը կարող է դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: