Երկու տարում ՀՀ բյուջեն ավելացել է 505.4 միլիարդ դրամով. Նիկոլ Փաշինյան

Ըստ վարչապետի` մեկուկես տարում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է պետական եկամուտների հարկային եկամուտների ավելացմանը, համաձայն որի` 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։

«2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները»,- գրել է նա։

Ըստ վարչապետի`  մեկուկես տարում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է:

Նման բան չկա. Բագրատյանը հերքում է Փաշինյանի գրառումը

2018, 2019 թվականների արդյունքներով` տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2019 թ-ի երեք եռամսյակների ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5% ինչը 1.3 տոկոսային կետով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։

«2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը»,- գրել է Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի` երեք եռամսյակների տվյալներով` Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում:

ՀՆԱ՝ 2019թ․ չորս եռամսյակների վերջնական ցուցանիշը կհրապարակվի փետրվարին։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Փաշինյանը գրեց, որ 2019-ի արդյունքներով Հայաստանը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի առումով առաջ է անցել Վրաստանից և Ադրբեջանից: Ավելի ուշ, կառավարության ղեկավարը խմբագրեց իր հրապարակումը ՝ նշելով, որ սխալ է թույլ տվել.

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գնահատականներով` Հայաստանը առաջ էր անցնում միայն Վրաստանից: Բայց Փաշինյանը հույս էր հայտնել, որ մինչև 2020 թվականը Հայաստանը շրջանցելու է նաև Ադրբեջանինը: