Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ոչխարաբուծությունը Հայաստանում ունի բավականին լավ հեռանկար, քանի որ ունենք հեռագնաց արոտավայրեր, որոնք ռացիոնալ չեն օգտագործվում: Դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին Հայաստանում բուծվում էր մոտ 2.5 մլն գլուխ ոչխար, ուստի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ մեծ էր:
«Ճիշտ է, ոչխարների ծանրաբեռնված արածեցումը վնասակար է արոտավայրերի համար, սակայն գլխաքանակի համապատասխանեցումը տարածքներին թույլ է տալիս, որպեսզի այս ճյուղն աշխատի բավականին մեծ շահութաբերությամբ: Ներկա արոտավայրերի ռացիոնալ օգտագործման պարագայում կարող ենք ոչխարի գլխաքանակը հասցնել մինչև 1.5 միլիոնի: Նման ծանրաբեռնվածությունը չի վնասի արոտավայրերին, որովհետև հերթափոխային արածեցման պարագայում բուսականությունը կարող է վերականգնվել»,- նշեց պրոֆեսորը:
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ բավականին լավ կլինի, եթե ոչխարի գլխաքանակն արտահանվի: Այդ գործընթացն առաջին անգամ կազմակերպվեց 2007թ.-ին, երբ համաձայնության եկան Իրանի և ՀՀ գյուղնախարարները: Երկու տարվա ընթացքում արտահանված ոչխարի գլխաքանակը հասավ 186 հազարի: Ներկա պայմաններում Հայաստանում տարեկան իրականացվում է մոտ 410 հազար ոչխարի մորթ:
Ոչխարի գինը մեկ տարում աճել է 30 տոկոսով. կառավարությունը կաջակցի այծ ու ոչխար բուծողներին
«Պետք է հաշվի առնել նաև մեր և իրանցիների, արաբների և մյուս մահմեդականների նախասիրությունները ոչխարի մսի սպառման առումով: Հայերը նախընտրում են մինչև 6-7 ամսական գառան միսը, իսկ իսլամական երկրների բնակիչներն օգտագործում են ավելի հասակավոր ոչխարի միսը: Արտահանումն իսկապես շահութաբեր է»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ մեզանում այդ գործընթացը պետք է կազմակերպեն ոչ թե առանձին միջնորդները, այլ հատուկ կազմակերպությունը, որպեսզի գնման գործընթացը իրականացվի համակարգված: