Զինծառայողներից մեկը կրակել է ինքն իրեն․ նախարարը՝ Արցախում տեղի ունեցած դեպքի մասին

Ծանր վիրավորված զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ զինծառայող Հենրի-Հայկ Զաքարեանը կրակել է ինքն իրեն։

2020թ. հունվարի 24-ին, ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վնասվածք էին ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Նախարարի խոսքով՝ սկզբում տեղեկատվության որոշակի պակաս է եղել՝ հաշվի առնելով տեղանքը, բայց հետո Պաշտպանության բանակի ղեկավարությունը պարզաբանումներ է ներկայացրել։

«Բարեբախտաբար, մահացածներ չկան։ Բայց զինծառայողների մեկը, որը կրակել է ինքն իրեն, ունի կյանքի հետ քիչ համատեղելի վնասվածք։ Բժիշկներն ամեն ինչ անում են՝ նրան փրկելու համար», - ասաց Տոնոյանը։

Նրան շուտով կտեղափոխեն Երևան։ Երկրորդ զինծառայողի մոտ թեթև վնասվածք է։ Ինչ վերաբերում է պատահարին, ապա նախարարը խուսափեց գնահատականներից՝ նշելով, որ ընթանում է քննություն։

Վիրավոր զինծառայողներին Արցախից Երևան տեղափոխելը կապված չէ հոսպիտալների հագեցվածության հետ

«Իրավիճակն ինչ-որ պահի դուրս է եկել վերահսկողությունից», - ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նախարարությունն աշխատում է նման իրավիճակներ թույլ չտալու ուղղությամբ, բայց երբեմն դրանք անկանխատեսելի են։

Նշենք, որ Զաքարեանին արդեն վիրահատել են։ Նա գտնվում է Մարտակերտի հոսպիտալում, վիճակը ծանր է։ Ինչ վերաբերում է Մեսրոպյանին, ապա նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնել) 1-ին մասով։