ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ իրենց քաղաքական ուժը կողմ է արտահայտվել խորհրդարանական կառավարման համակարգին՝ գտնելով, որ ոչ թե «Փաշինյանի դիկտատուրայի», այլ ճիշտ իրականացման ու սահմանադրական նորմերը պահպանելու դեպքում այն ամենաշահեկանն է Հայաստանի համար, հետևաբար, կիսանախագահական համակարգին վերադառնալը համարում է հետընթաց:
«Այսօր թղթի վրա ունենք խորհրդարանական կառավարման պետություն, բայց իրականում ունենք դեպի բռնատիրություն գնացող մեկ անձի պաշտամունք, իշխանություն, որը փորձում է սահմանադրական չարեփոխումներ իրականացնելով` կուլ տալ դատական իշխանությունը: Մասնավորապես, ՍԴ-ն մնացել է ՀՀ պետականության վերջին իրական բաստիոնը»,-նշում է ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովի փոխանցմամբ՝ իրենց իշխանության տարիներին մեկ անձ կամ մեկ կուսակցություն բացարձակ իշխանություն չուներ ԱԺ-ում: Նախորդ երեք նախագահների կառավարման շրջանում որևէ անձ` լինի նախագահ, վարչապետ, թե քաղաքական ուժ` միանձնյա չի տնօրինել երկրի ճակատագիրը: Իրենք թեև ԱԺ-ում ունեցել են 50 տոկոսից մի փոքր ավել ձայն, այդուհանդերձ, կարևոր պաշտոնների վերաբերյալ որոշումներ կայացնելիս անհրաժեշտ էր 3/5-ի ձայները, ուստի ՀՀԿ-ն բանակցում էր ընդդիմության հետ, որի ձայնը լսելի էր:
«Այսօր, դժբախտաբար, պարտադրված էյֆորիկ ընտրությունների արդյունքում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» ԱԺ-ում ունի 88 ձայն, հետևաբար, ինչ ուզի` կանի: Անկախ այն հանգամանքից, թե Գևորգ Պետրոսյանն ու Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ինչ կխոսեն, կամ նրանց փոխարեն կլինեն Շարմազանովը, թե Աշոտյանը, Փաշինյանն ունի ձայների 3/5-րդը և կարող է անցկացնել ցանկացած սահմանադրական օրենք»,- նշում է ՀՀԿ խոսնակը:
Ինչու է Թովմասյանին ուղարկել «համապատասխան տեղը». Փաշինյանը բացեց փակագծերը
Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Փաշինյանի բացարձակ իշխանության համար միակ խոչընդոտը մնում է ՍԴ-ն: Սկզբում Փաշինյանը, ըստ նրա, կուլ է տվել գործադիր իշխանությունը, այնուհետև հոկտեմբերի 2-ին Աժ-ի վրա կազմակերպված արշավից հետո կուլ տվեց խորհրդարանը և հիմա էլ ցանկանում է կուլ տալ ՍԴ-ն, բայց վերջինս, ըստ Շարմազանովի, մնալու է նրա կոկորդին, հետևաբար, պետականություն գնահատող ցանկացած անձ՝ անկախ կուսակցական ու քաղաքական կողմնորոշումից, պետք է սատարի ՍԴ-ին ու նրա նախագահին:
ՀՀԿ խոսնակի համոզմամբ՝ սատարել ՍԴ-ին ու նրա դատավորներին, նշանակում է սատարել Հայաստանի ինքնիշխանությանը, ուստի պետք է ձգտել և 2020թ.-ին հասնել արտահերթ ընտրությունների, քանի որ մի հոգու գրպանում կա միանձնյա ու միակուսակցական բացարձակ իշխանություն, ինչը նման է Բրեժնևի ժամանակվա խորհրդարանին:
«Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ, թե՞ ժողովրդին». Աշոտյանը պատասխանում է Փաշինյանին