Փրկարարները նկատել են Գեղարքունիքում մնացած արշավախմբի անդամներին

Օգնության հասած փրկարարները պարբերաբար կապ են հաստատում արշավախմբի անդամների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Փրկարարները գրեթե հասել են Գեղարքունիքի լեռներում մնացած 6 հոգանոց արշավախմբի անդամներին։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 11:30-ի սահմաններում նրանք մոտ 1 մ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին:

Գեղարքունիքի լեռներում հայտնված արշավախմբի անդամներին ուզում են տարհանել ամենագնացով

Հունվարի 24-ին, ժամը 08:28-ին «911» կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով): Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն էին ստացել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է: Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները որոշել էին շարունակել այսօր։

Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են արշավախմբին: