Ռիսկերը ծագում են այն դեպքում, երբ բանկ է մտնում ոչ օրինական ու անարդար ծագումնաբանությամբ գումար, և բնական է՝ մարդիկ, որոնք այդ գումարների տերերն են` մտահոգ են, նույնիսկ եթե որևէ գործ չի հարուցվում, որևէ հետապնդում չկա: Բնական է, որ մարդիկ միշտ էլ կբողոքեն, որ նման երևակումներ կարող են լինել նույնիսկ դատարանի որոշմամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով Քրեական օրենսգրքում ՀՀ կառավարության կողմից հաստատված փոփոխությունների համապատասխան նախագծին, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների բանկային գաղտնիքի հասանելիությունն իրավապահ մարմինների համար կընդլայնվի:
«Սակայն պետք չէ մոռանալ, թե ինչ պայմաններում է գտնվում այսօր Հայաստանը, ինչ ճանապարհ է անցել, ինչպիսի քաղաքական պարադիգմալ փոփոխություն է տեղի ունեցել, և այս իրավիճակում, բնականաբար, փոխկապակցված անձինք, որոնց անուններով կարող են ձևակերպված լինել կամ նրանց հաշիվներին փոխանցված լինել ոչ օրինական ծագումնաբանությամբ գումարներ»,- ասաց տնտեսագետը:
Մարգարյանի կարծիքով` պետք է ձեռնպահ մնալ այս տիպի օրենքների, օրինագծերի մշակումից ու գործադրումից և գնալ ինստիտուցիոնալ արմատական և միանգամյա լուծման: Խոսքը համաներումների պրակտիկայի մասին է: Մեր կարգի երկրները ցնցումային փոփոխություններից հետո գնում են ունեցվածքի, կապիտալի հարկային և այլ եկամտային համաներումների ճանապարհով, բայց դա, ինչպես երևում է, անընդունելի է այսօրվա իշխանության համար, որն ընտրում է երկրորդ տարբերակը: Իշխանությունը գնում է առանձին օրինագծերի միջոցով առանձին սուբյեկտների նկատմամբ թիրախավորումների, բացահայտումների, քրեական գործերի, հետաքննությունների ճանապարհով:
Հիշեցնենք`նոր օրենքի համաձայն՝ իրավապահներն արդեն կկարողանան ստանալ ոչ միայն կասկածյալի, այլև նրա հետ առնչություն ունեցող անձանց բանկային հաշիվների տվյալները։
Հայաստանում բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների հասանելիությունը կընդլայնվի