ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Կրթության ոլորտում նախարարի մակարդակով հովանավորչություն կամ խնամի-բարեկամ հարաբերություններ չկան: Այսօր`հունվարի 25-ին, Գյումրիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ ունեցած իր հարաբերություններին:
Բացն ու թափանցիկն էլ չօգնեց. Շիրակի համալսարանը կրկին մնաց առանց ռեկտորի
«Զուտ աշխատանքային հարաբերություններ են, և դուք որևէ տեղ չեք տեսնի, որ նախարարի ու նախարարության գործունեության վրա այլ հարաբերություններ կան, քան գործընկերայինը: Ես ուրախ եմ, որ ինձ վերագրում են այնպիսի մեծ բաներ, որոնք կարող են փոփոխություններ իրականացնել մարզի մակարդակով, բայց իմ լիազորությունները սահմանափակվում են բացառապես կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտով»,-նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:
Շիրակի համալսարանը փակելը ծայրահեղ քայլ է. Սերոբյանը` նախարարի հայտարարության մասին
2019 թվականին ՇՊՀ ռեկտորի երկու ընտրություններն էլ տապալվեցին: Բացի այդ, ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում)։ Քննությամբ պարզվել է, որ ռեկտորի պաշտոնակատարի անունով դասաժամեր են գրվել, բայց նա լսարան չի մտել և բարձր աշխատավարձից բացի լրացուցիչ գումար է ստացել: Գործի քննությունը ձգձգվում է, ինչն էլ առիթ է դարձել, որ լուրեր պտտվեն Սերոբյանի` նախարարի մտերիմը լինելու և նրա հովանավորչությունը վայելելու մասին:
«Կրթության ոլորտում մի քանի հարյուր քրեական գործ կա հարուցված: Մենք գոհ չենք այն տեմպերից, որով քննություն է իրականացվում, բայց դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Ես կարծում եմ, որ միջնաժամկետ կտրվածքով բոլոր այդ գործերը քննվելու են, ավարտվելու, և գնահատականը դրանով տրվելու է»,-վստահեցրեց նախարարը:
Հավելենք, որ նախարարը Գյումրիում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծի քննարկմանը մասնակցելու համար: