ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը փակել է 1980–ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ ընդհանրապես չօգտագործված։ Կապանում կազմակերպված այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով սպառազինության ոլորտում 2019–ի ձեռքբերումներին։
«2018–ի մայիսից ի վեր ՀՀ ՊՆ–ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք–զինամթերք։ ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, ՏՈՐ Մ2ԿՄ և «Օսա ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ։ ԶՈՒ–ն համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայաններով, հրաձգային զենքերով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` վերջին երկու տարիներին իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշի փորձարկումներ։
Հիշեցնենք, որ 2020–ի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ 2016–ի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանության հասցեին քննադատությունների տեղատարափ հորդաց ԶՈՒ–ի ոչ բավարար համալրվածության, ժամանակակից հարվածային միջոցների և կապի համակարգերի պակասի պատճառով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հարցազրույցում հայտարարել էր, որ առաջնագծում զինվորը կռվում էր անցյալ դարի 80-ականների զենքով։
Ներսիսյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը կանգ չի առնի»