Ռուզան Մանթաշյանը կերգի Դրեզդենի Semper Opernball-ում. երգչուհին հայտարարություն է տարածել

Հայ երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին իրենց խոսքով և գործով սատարել են նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը փետրվարի 7-ին ելույթ կունենա Դրեզդենի հայտնի Semper Opernball-ում։ Այս տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է հենց ինքը` Ռուզան Մանթաշյանը։

«Եթե Մանթաշյանն ու Էյվազովը միասին բեմ դուրս գան...». բացառիկ հարցազրույց` Սպիվակովայի հետ

«Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսում են շատերը, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով»,–գրել է երգչուհին և հավելել, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Տատյանայի արիայով հանդես է գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում։

Հիշեցնենք, որ հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց,որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը` փետրվարի 7–ին նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Համերգի կազմակերպիչները չեղարկել էին հայ երգչուհու ելույթը։

Էյվազովի փոքրիկ թուլությունը. ադրբեջանցի տենորը հայկական ժամացույց է նախընտրում. լուսանկար

Օպերային փառատոնի կազմակերպիչները հայտարարություն էին տարածել` վստահեցնելով, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ SemperOpernball–ի կազմկոմիտեն նշել էր, որ հավանաբար հայ երգչուհուն ներկայացնող Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալության հետ թյուրըմբռնում է եղել։ Իսկ երգչուհու գործակալը հայտարարել էր, որ Մանթաշյանին իսկապես հրավիրել են։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն էլ նամակ էին հղել Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում չեղարկելու դեպքի հետ կապված։