ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՄԱԿ-ը ողջունում է Անվտանգության խորհրդի հնգյակի երկրների ներկայացուցիչների միջև բանավեճեր անցկացնելու ցանկացած ջանք։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը։
Հունվարի 23-ին Պուտինը, ելույթ ունենալով Հոլոքոսթի հիշատակի 5-րդ համաշխարհային համաժողովում, առաջարկել էր անցկացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների` Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հանդիպում և նշել, որ Ռուսաստանը մտադիր է չհետաձգել և անհապաղ ուղերձ հղել հնգյակի առաջնորդներին։
Ավելի ուշ, ելույթ ունենալով Երուսաղեմում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ համաձայն է Պուտինի հետ` ՄԱԿ հիմնադիր հինգ երկրները պատասխանատվություն են կրում աշխարհում իրավիճակի համար և աջակցել հանդիպում անցկացնելու գաղափարին։
ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը
«ՄԱԿ-ը սկզբունքորեն խրախուսում է կազմակերպության բոլոր անդամ երկրների միջև բարեկամական հարաբերությունները։ Ուստի, իհարկե, ողջունվում են Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների միջև բանավեճերին աջակցելու ջանքերը», – ասել է Հակը։
Հիշեցնենք, որ հունվարի 23–ին Իսրայելում անցկացվել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: