ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Արցախում զինվորների վիրավորման դեպքով քրգործ է հարուցվել սպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։ Այս տեղեկությունը հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողների՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնել) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,–ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
ՔԿ–ից վստահեցնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Հիշեցնենք` Արցախի ՊԲ–ն այսօր հայտնել էր, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ավելի ուշ հայտնել էր, որ Պաշտպանության բանակում վիրավորում ստացած զինծառայող շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանին վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել։
Հայտնի են Պաշտպանության բանակում վիրավորում ստացած զինծառայողների անունները