Ակնհայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ–ն պատասխանել է Թովմասյանի պաշտպանի հայտարարությանը

Հրայր Թովմասյանի պաշտպանի հայտարարությունը, թե նրան չեն տրամադրում դատարանի որոշումը խուզարկության թույլտվության մասին, ըստ ՀՔԾ–ի` նպատակ է հետապնդում  խոչընդոտել քննչական գործողության իրականացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն կատարելու համար պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել  օրենքով սահմանված կարգով ծանոթանալ դատարանի` խուզարկության մասին որոշմանը:

«Սա աննախադեպ է». Թովմասյանի տան խուզարկությունը դեռ չի սկսվել, պաշտպանը ասաց` ինչու

ՀՔԾ–ն հայտարարություն է տարածել` հերքելով Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին` դատարանի որոշմանը։ Մակինյանի խոսքով` հենց այդ պատճառով էլ դեռ խուզարկություն չի կատարվում։

«Մակինյանի հայտարարությունն ակնհայտ ապատեղեկատվություն է, և այն նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողության իրականացմանը»,–նշված է հայտարարության մեջ։

ՀՔԾ–ն  Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում է գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց:

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

ՀՔԾ քննիչները խուզարկություն են կատարում Հրայր Թովմասյանի տանը

Ընդ որում, նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Հունվարի 22–ին տեղեկություն տարածվեց, որ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ: