ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Արմավիր» ֆուտբոլային ակումբը Twitter–ի իր էջում հայտնում է, որ ռուսական Արմավիրում գտնվող մարզադաշտը կկրի Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի անունը։
Նախաձեռնության հեղինակը «Արմավիրի» սեփականատեր Ջևան Չելոյանցն է։ Առաջարկը մեծ ոգևորությամբ են ընդունել ինչպես քաղաքի ղեկավարները, այնպես էլ երկրպագուները:
Նիկիտա Սիմոնյանը 1956 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող է, երեք անգամ ճանաչվել է ԽՍՀՄ լավագույն ռմբարկու։ 1950-ին սահմանել է առաջնության լավագույն ռմբարկուի ռեկորդ, որը պահպանվել է 35 տարի: Իսկ Մոսկվայի «Սպարտակի» համար խփած գոլերի ընդհանուր քանակով մինչ օրս նա անգերազանցելի է: 1973-74 թվականներին եղել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչը։
Նրա ղեկավարման ընթացքում ակումբն արձանագրել է խորհրդային պատմության մեջ իր բարձրագույն ձեռքբերումը` 1973 թվականին դառնալով ԽՍՀՄ չեմպիոն, իսկ երկրի գավաթի եզրափակչում 2:1 հաշվով պարտության է մատնել Կիևի «Դինամոյին»։ Երկրորդ անգամ Սիմոնյանը Հայաստանի լավագույն ակումբը ղեկավարել է 1984-85 թվականներին։