«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում

Վերջին օրերին լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկն անասունների մորթն է։ Մոտ մեկ շաբաթ է` գյուղացիներն ու մսավաճառները բողոքի ակցիաներ են անցկացնում տարբեր մարզերում, ճանապարհներ փակում։ Ինչո՞ւ գյուղացիները զայրացան, և ինչո՞ւ կառավարությունը զիջումների գնաց։
Sputnik

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Հայաստանում անասունի մորթի հետ կապված հարցը կարծես թե լուծվում է։ ՀՀ վարչապետի ներկայացրած քայլերը կարող են փոխզիջում դառնալ, որը ձեռնտու կլինի և՛ կառավարությանը, և՛ գյուղացիներին։

Սկզբում կառավարությունը որոշել էր հունվարի 15–ից թույլատրել միայն լիցենզավորված սպանդանոցներում մորթված կենդանիների մսի վաճառքը։ Առաջին հայացքից` լավ որոշում էր. միսը պետք է անվտանգ լինի։ Բայց այս գաղափարը դուր չեկավ գյուղացիներին. հատուկ տարածքներում մորթ իրականացնելը փող արժե, իսկ նրանք չեն ուզում ավելորդ ծախս անել։ Գյուղացիները բողոքի դուրս եկան ու պնդեցին, որ սպանդանոցները քիչ են, դրա պատճառով մեծ հերթեր կառաջանան, իրենք էլ չեն կարողանա ժամանակին մորթել կենդանուն ու իրացնել ապրանքը։

«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում

Իշխանության որոշումն այնքան դուր չէր եկել գյուղացիներին, որ նրանք սպառնացին իրենց կենդանիներին «միացնել» բողոքի ակցիաներին և ամբողջ հոտը քշել մայրաքաղաք։ Բարեբախտաբար, հաջողվեց խուսափել նման անհեթեթությունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «սողոմոնյան որոշում» առաջարկեց` կառավարությունը պատրաստ է այս որոշումը հետաձգել մինչև հուլիսի 1–ը։ Բացառություն կլինեն սուպերմարկետներն ու հանրային սննդի կետերը. գործող պայմանները կկիրառվեն միայն նրանց համար, բայց հուլիսի 1-ից հետո այլևս ոչ մեկին չեն ների։

Որոշումը վաղուց էր հասունացել

Սպանդանոցների համակարգին միանալու որոշումն ընդունվել էր դեռևս 2000-ականների կեսերին, բայց այդ հարցն անորոշ ժամանակով հետաձգվել էր։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի կարծիքով` Հայաստանում անասունների մորթը միշտ է հակասանիտարական պայմաններում կատարվել։ Նրա խոսքով` մի գեղեցիկ օր անպայման պետք էր արգելել «քարանձավային» պայմաններում իրականացվող սպանդը, բայց այլ հարց է, որ այս պահին ոչ ոք պատրաստ չէր այդ փոփոխություններին, մանավանդ որ ենթակառուցվածքներն էլ լիարժեք չեն։

«Հիմա, երբ վերլուծում ենք կառավարության ու գյուղացիների բանավեճերը, պարզվում է` կողմերից յուրաքանչյուրը ճիշտ է։ Ցանկացած սպառող ուզում է, որ իրեն առողջ, մաքուր արտադրանք վաճառեն։ Սա անվիճելի փաստ է։ Մյուս կողմից` բազմաթիվ չլուծված խնդիրներ կան։ Մարզերից շատերում սպանդանոցներ չկան։ Եթե խոշոր տնտեսությունները, ինչպիսիք մեզ մոտ քիչ են, կարող են ինչ–որ կերպ լուծել այդ հարցը, ապա փոքր տնտեսությունները չեն կարող», – ասաց Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Այդուհանդերձ, նախկին պաշտոնյան համոզված է, որ մորթի նոր կանոններին անցում կատարելով` սպանդանոցների թիվը կկրկնապատկվի և կեռապատկվի։ Եթե պահանջարկ առաջանա, ուրեմն առաջարկ էլ կլինի։

Ձեռնպահ չկա

Իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար մենք որոշեցինք նախ սպանդանոց այցելել, իսկ հետո` Արմավիրի մարզի Մրգաստան գյուղ, որի բնակիչներն այս շաբաթ փակել էին Էջմիածին–Աշտարակ ճանապարհը` ի նշան կառավարության որոշման դեմ բողոքի։

Սպանդանոցը, որ գտնվում է Կոտայքի մարզի Արամուս գյուղում, բավականին մեծ է, անհրաժեշտ բոլոր պայմանները կան։ Սարքավորումները գնել են Հունաստանից և Նիդեռլանդներից։ Տարածքի ընդհանուր մակերեսը (բոլոր շինություններով) 8 հազար քմ է։ Իսկ սեփականատեր Մելս Հայրապետյանը վստահեցնում է, որ սպանդանոցի կառուցման համար շուրջ 900 հազար դոլար է ծախսել։

«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում

Մինչ այդ նա աշխատել է Ղազախստանում, հետո որոշել է Հայաստան տեղափոխվել։ Մասշտաբներն այստեղ նույնը չեն, ինչ Ղազախստանում, բայց գործարարը չի դժգոհում, հուսով է, որ գործը կբացվի, երբ ոլորտը կարգավորվի։

«Մենք ունենք նախնական սպանդի սենյակներ, որտեղ կենդանուն նախօրոք պահում ենք, զննում, ջերմությունն ենք չափում։ Եթե սպանդի ենթակա է, այդ ժամանակ կատարում ենք սպանդը։ Այդ պրոցեսը կատարելուց հետո, երբ համոզվում ենք, որ առողջ է, միսը տեղափոխում ենք հատուկ մեքենաներով։ Սննդի անվտանգության պետական տեսչության կողմից լիցենզավորված, համարակալած մեքենաներ են», – ասում է սպանդանոցի անասնաբույժ Նաիրի Արաբյանը։

Այստեղ օրական մի քանի տասնյակ գլուխ անասուն կարող են մորթել։ Ընդ որում` խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթն իրականացվում է տարբեր սենյակներում։ Մսեղիքի հետագա մասնատումը նույնպես այստեղ է իրականացվում։ Մի խոսքով` սանիտարական պայմանները խստորեն պահպանվում են, սպանդանոցն էլ սպասարկում է մոտակայքում գտնվող մոտ տասնյակ գյուղերի ֆերմերային տնտեսություններին։

«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում

Չնայած գրեթե կատարյալ պայմաններին` սպանդանոցը մինչև վերջերս մեծ պահանջարկ չի վայելել։ Կառավարության որոշումից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Սպանդանոցում խոշոր եղջերավոր անասունի մորթն այսուհետ կարժենա 10 հազար դրամ, խոզերի մորթը` 5 հազար, մանր եղջերավոր անասունների մորթը` 3500 դրամ։

«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում

Մրգաստանի բնակիչ Աղվան Վարդանյանը սկզբունքորեն դեմ չէ հատուկ տարածքներում մորթ իրականացնելու որոշմանը։

«Ես չեմ ասում, թե սպանդանոցը վատ է։ Շատ լավ է։ Բայց նախքան օրենքը ուժի մեջ մտցնելը պարտավոր էին թեկուզ երկու համայնքը մեկ գոնե մեկ հատ սպանդանոց սարքել։ Իսկ հիմա 40 գյուղի համար Էջմիածնում երեք հատ սպանդանոց կա, պատկերացնո՞ւմ եք` եթե ամեն գյուղից մի հատ էլ մորթվի, 40 հատ անասուն մտնի սպանդանոց, հերթ կլինի», – ասում է նա։

«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում

Բացի այդ, յուրաքանչյուր սպանդանոց միայն մեկ տեղափոխող մեքենա ունի։

«Մինչև իմ ապրանքին հասնեն, մի շաբաթ կանցնի։ Իսկ այսօր ո՛չ բանկը կսպասի, ո՛չ հիվանդանոցը», – ասում է ֆերմերը։

Մեր զրուցակիցն ակամա հաստատում է Գառնիկ Պետրոսյանի` ենթակառուցվածքների պակասի վերաբերյալ փաստարկները։

Հարկ է նշել, որ իշխանությունն արդեն խոստացել է նախ` ավելացնել սպանդանոցների թիվը, երկրորդ` անասունի տեղափոխումը սպանդանոց կազմակերպել անվճար 30 կիլոմետրի սահմաններում և առավելագույնը երեք գլուխ անասուն տեղափոխելու դեպքում։

Նիկոլ Փաշինյանն անձամբ հավաստիացրել է` մինչև փետրվարի 6–ը ՀՀ կառավարությունը կուսումնասիրի այն վարկատեսակներն ու լիզինգային ծրագրերը, որոնցով հնարավոր կլինի ֆինանսավորել սպանդանոցների կառուցումն ու շարժական սպանդանոցների ձեռք բերումը։

«Մենք խիստ վերահսկելու ենք սուպերմարկետներին ու հանրային սննդի կետերին մատակարարվող մսի որակը։ Գործող պայմանները կիրառվելու են միայն նրանց համար։ Մնացած բոլոր դեպքերում մենք պայմանավորվում ենք, որ ներկա վիճակը կարող է շարունակվել մինչև հուլիսի 1-ը։ Բայց պայմանով, որ հուլիսի 1-ից հետո ոչ մի ներում–բեկում չի լինելու»,– ասել է նա։

Սպանդանոցների գործը

Սպանդանոցների հետ կապված իրավիճակը վերջին ամիսներին մեծ աղմուկ բարձրացրած բազմաթիվ «քեյսերից» է։ Մինչ այդ անտառահատման դեմ բողոքներ եղան Տավուշի մարզում, մարդիկ ակցիաներ կազմակերպեցին բալային համակարգի դեմ, բողոքեցին ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշումից։

Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստ չեն, երբեմն էլ չեն ուզում գնալ հետագա զարգացման համար անհրաժեշտ փոփոխությունների։ Մյուս կողմից, գործող իշխանությունների գործողությունները երբեմն կիսատ–պռատ են, ոչ ճկուն։ Ցանկացած բարեփոխում պետք է որոշակի հիմք ունենա պատրաստի ենթակառուցվածքների, սոցիալ–տնտեսական բազայի տեսքով։ Երբ այդ ամենը չկա, հակազդեցություն է առաջանում։