ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի աշխատանքը։ Facebook–ի իր էջում վարչապետը հրապարակել է այսօր` հունվարի 23–ին, «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանության տարածած տեսանյութը։
«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով»,–տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր` հունվարի 23-ին, կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբերը։
Տեղեկություններ տարածվեցին, որ կրակոցներ արձակած անձը պատանդ է վերցրել։
Ոստիկանությունն ավելի ուշ հերքեց այդ լուրը։ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կրակոցներ արձակած անձի հետ բանակցում է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
RadioAurora–ի տեսանյութում լսվում էր`ինչպես են բանակցում «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձը և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Կյանքս վստահում եմ քեզ. ինչպես է ոստիկանապետը բանակցում կրակոցներ արձակածի հետ. տեսանյութ
«Սխալ բան եմ անում անվտանգության առումով, բայց լսիր` ինչ եմ ասում. հիմա իմ մեքենայով գնում ենք իմ սենյակ, որ զրուցենք։ Սա ասում եմ աչքերիդ մեջ նայելով»,–ասում էր Սարգսյանը և հարցնում կրակոցներ արձակողի անուն–ազգանունը։
Տղամարդն ասում էր, որ ինքը Արթուր Թորոսյանն է և հասկանում է` ինչ է առաջարկում ոստիկանապետի ԺՊ–ն, սակայն նման քայլի դիմելն իր միակ միջոցն է եղել։ Այնուամենայնիվ, Արման Սարգսյանին հաջողվեց համոզել նրան ենթարկվել իր կամքին։
Դրանից հետո տղամարդը զենքը վայր դրեց ու ոստիկանության պետի ԺՊ–ի հետ նրա ծառայողական մեքենայով լքեցին տարածքը։
Հետո ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ կրակոցներ արձակած տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Բացառիկ տեսանյութ. ինչպես է զինված տղամարդը մտնում «Էրեբունի պլազա»