ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը մասնագիտությամբ ֆիզիկոս է և բավականին փորձառու դիվանագետ՝ Դավոսում ներկայացրել է շատ հետաքրքիր զեկույց: Նա փորձել է համաշխարհային տնտեսությունը կապել քվանտային ֆիզիկայի հետ` փոքրագույն մասնիկների, որոնք փոխազդեցություն ունեն միմյանց վրա, և դրանց վարքագծի այս կամ այն արժեվորման, այս կամ այն ձևի փիլիսոփայությունը փոխելու միջոցով հնարավոր է ստանալ դրական արդյունք: ՀՀ նախագահը վկայակոչել է հայտնի ֆիզիկոսներին, օրինակ` Էյնշտեյնին, ովքեր ոչ թե նոր գյուտ արեցին, այլ փոխեցին ֆիզիկայի փիլիսոփայությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը։
«Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև ամբողջ աշխարհին հուզող շատ կարևոր խնդրին՝ գլոբալ անհաշվեկշռվածությանն ի դեմս ավելցուկային պարտքի:Գաղտնիք չէ, որ մոտ 250 տրիլիոն դոլարի համախառն պարտք կա ամբողջ աշխարհում: Արմեն Սարգսյանն իր առաջարկով փորձում է փոքր երկրի ղեկավարի տեսակետից համադրել օգտակարը հաճելիի հետ: Նա, օրինակ, ասում է` եթե ես փոքր եմ և 5մլն դոլարի չափով պարտք եմ մեծ երկրին` այդ գումարը խոշոր հաշվով մեծ երկրին էապես ոչինչ չի տա, սակայն մեծ երկիրը փոքրին կարող է առաջարկել նշված գումարի ծառ տնկել և դրանով համարել, որ փոքր երկիրն աշխարհի մարդկության համար մեծ ներդրում է ունեցել, ուստի կփորձեն լուծել պարտքային հարաբերությունները»,- ասում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենը:
Դավիթ Հախվերդայնը նշում է, որ ՀՀ նախագահը, լինելով տեխնիկական գիտությունների մասնագետ՝ ելույթի վերջում չէր կարող չանդրադառնալ չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը, այդ թվում՝ արհեստական բանականությանը: Ըստ նախագահի՝ բոլոր երկրների առջև բացվում են նոր հորիզոններ, նույնիսկ հավասարվում են մեկնարկային պայմանները: Ունենալով տեխնիկական, բնագիտական կադրերի ներուժ՝ մենք ի վիճակի կլինենք այդ ասպարեզում թռիչք գործել: Արմեն Սարգսյանը նույնիսկ խորհրդանշական համեմատություն է արել, որ մենք թեև չունենք ելք դեպի ծով, սակայն ցանկանում ենք դառնալ գաղափարների ու տեխնիկական լուծումների նավահանգիստ:
Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Հիշեցնենք, որ հիմնադրման 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքը, որը միավորում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար և քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ տարեսկզբին ձևավորելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը։
Հիշեցնենք` դեռևս 2019թ.–ի հոկտեմբերի 7-ին Ժնևում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը հիշյալ ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբն ասել էր, որ հետաքրքրված են ապագայի, գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն Դավոսի ֆորումի շրջանակում լսել նրա տեսակետները նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային համակարգերի, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։
Տեսակամուրջ. «Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Տիտովը Դավոսում»