Շարքային հայաստանցու կյանքում, համաձայնեք, նկատելի փոփոխություններ տեղի չունեցան։ Հո չե՞ք կարող էական փոփոխություն անվանել այն, որ, օրինակ, խղճուկ թոշակն այս տարվանից ավելացել է 10 տոկոսով։ Միևնույն է` այդ թոշակը չի բավարարում նույնիսկ կենցաղային մուծումները կատարելու համար։ Եվ այնուամենայնիվ փոփոխություններ կան։
Հունվարը սովորաբար այն ամիսն է, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ և հետազոտական կենտրոններ հրապարակում են իրենց տարեկան զեկույցները, և մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է Հայաստանը երևում դրսից։ Այս շաբաթ իրենց զեկույցները հրապարակեցին «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» և բրիտանական «Էկոնոմիստ» շաբաթականի հետազոտական խումբը։ Միանգամից ասեմ՝ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ ժողովրդավարության բնագավառում Հայաստանի առաջընթացը վերջին տարվա ընթացքում աննախադեպ է։
Նախ` այսպես կոչված կոռուպցիայի ընկալման համաթվի՝ ինդեքսի մասին։ Նախորդ տարիներին եթե մենք այդ ցուցակում 113-րդ տեղից տեղափոխվում էինք, ասենք, 111-րդ հորիզոնականը, իշխանություններն ասում էին՝ «Տեսե՛ք, առաջընթաց կա», այնինչ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» փորձագետներն իրենց ամփոփիչ եզրակացությունը մեր երկրի վերաբերյալ սկսում էին այսպես, մեջբերեմ` «Կոռուպցիան Հայաստանում համատարած է և ներառում է հասարակության կյանքի բոլոր ոլորտները»։
Այս վերջին տարում մենք ուղղակի ճեղքում ենք իրականացրել։ Նախորդ տարվա 105-րդ տեղից միանգամից տեղափոխվել ենք 77-րդ տեղ։ Եվ ամենակարևորը՝ նախկինում մեր միավորները ընդհանրապես երբեք 37-ից բարձր չեն եղել, հիմա հավաքել ենք 42 միավոր։ Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է՝ առաջիկա երեք տարիներին ուզում ենք այդ ցուցանիշը դարձնել 55։
Հիմա երկրորդ զեկույցի մասին։ Մեծ Բրիտանիայում լույս տեսնող «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական կենտրոնն ամեն տարի գնահատում է ժողովրդավարության վիճակն աշխարհի բոլոր երկրներում և դասակարգում է այդ պետություններում գոյություն ունեցող վարչակարգերը չորս տեսակի՝ լիակատար դեմոկրատիա, անկատար կամ թերի դեմոկրատիա, հիբրիդային ռեժիմ և հեղինակապաշտական՝ ավտորիտար ռեժիմ։ Մեզ այս տարի էլ դասել են հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքին։ Այսինքն՝ հեղինակապաշտական չենք, բայց գոնե թերի դեմոկրատիային էլ չենք ձգում։ Կարող եք իհարկե առարկել՝ լավ, մի՞թե կիսատ-պռատ ժողովրդավարություն էլ չունենք, բայց նկատի ունեցեք՝ անկատար դեմոկրատիա ունեցող երկրների թվում է Ամերիկայի միացյալ նահանգները։
Կեղծ լուրեր. սուտ է, բայց այնքան գեղեցիկ
Կարևորն այն է, որ այս դեպքում էլ վերջին տարվա ընթացքում գրանցել ենք այնպիսի առաջընթաց, որը նույնպես կարելի է ճեղքում անվանել։ 103-րդ տեղում էինք 2018-ին, հիմա 86-րդ հորիզոնականում ենք։ Եվ արդարացիորեն կարող ենք հպարտանալ, որ տարածաշրջանի առաջատարն ենք, որովհետև առաջ ենք անցել Վրաստանից, որը 89-րդ տեղում է, իսկ մեր մյուս հարևաններն ավելի վատ դիրքերում են՝ աշխարհի երկրների երկրորդ հարյուրյակում, որտեղից մենք վերջապես կարողացանք դուրս պրծնել։ Ադրբեջանն, օրինակ, 146-րդ տեղում է։
Եվ վերջում այն մասին, թե ժողովրդավարության առումով որոնք են մեր ուժեղ և թույլ կողմերը։
Բրիտանացի մասնագետները տվյալ երկրում դեմոկրատիայի վիճակը գնահատելիս վերլուծում են 5 բնագավառներ՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ։ Ամենաբարձր միավորները մեզ տրվել են ընտրական գործընթացի և բազմակարծության բնագավառում։ Եվ դա, համաձայնեք, ամենևին զարմանալի չէ՝ վերջապես կարողացանք այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնց պաշտոնական արդյունքները որևէ մեկը չի վիճարկում։ Ինչ վերաբերում է բազմակարծությանը, ապա վերցրեք թեկուզ հայաստանյան հեռուստաընկերությունները. ինչ-ինչ, բայց բազմակարծության պակաս հաստատ չկա։ Facebook–ի մասին էլ չեմ ասում։
Իսկ ամենացածր գնահատականը ստացել է մեր քաղաքական մշակույթը։ Համաձայնեք` էստեղ էլ բրիտանացի փորձագետների հետ չես վիճի։ Հիշենք թեկուզ մեր պատգամավորների պահվածքը խորհրդարանի երեկվա նիստում, երբ բանը քիչ էր մնում ծեծկռտուքի հասներ, խոսնակն էլ փաստեց, որ հաշիվ պարզելու համար բակային տաղավար-զրուցարաններ գոյություն ունեն։ Այդքանից հետո իրոք դժվար է պնդել, որ մեր քաղաքական մշակույթը հրապարակում ապամոնտաժվող տոնածառից բարձր է։