Արթուր Վանեցյանի մասին հոդվածը կուսումնասիրի ԱԱԾ–ն

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները «Հայկական ժամանակից» պահանջում են Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկությունները հերքել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ հեղաշրջման փորձի մասին «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել և գործն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Վանեցյանը պատրաստվո՞ւմ էր հեղաշրջման. ԱԱԾ-ն պատասխանել է վարչապետի աներորդուն

Հիշեցնենք` «Հայկական ժամանակ» թերթը (նախկինում ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը) գրել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի ընտանիքի մասին ֆեյք նյուզ տարածելով և այլ միջոցներով փորձում է պետական հեղաշրջում իրականացնել:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը «Հայկական ժամանակից» պահանջում են հերքել Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկությունները։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, Facebook-ի իր էջում գրել էր, որ կարոտով է հիշում Վանեցյանների ընտանիքի հետ ջերմ շփումը, սակայն ցավում է, որ այդ ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանը դավադրություններ է կազմակերպել իրենց ընտանիքի դեմ:

Վանեցյանի ակտիվությունն ու բարեփոխումներն ԱԱԾ–ում. ինչո՞ւ իշխանությունը պետք է շտապի

Նա իր գրառմանը կից տեղադրել էր «Հայկական ժամանակ» թերթի «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հոդվածը, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Փաշինյանի ընտանիքի, մասնավորապես` Մարիամ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դեմ արվող հակաքարոզչությունը նաև ֆինանսավորում է Վանեցյանը:

Հոդվածին անմիջապես արձագանքել էր Վանեցյանը։ Նա իր հասցեին մեղադրանքներն ապատեղեկատվություն էր որակել և հայտարարել, որ այդ կեղծիքն անպատասխան չի մնա։