«Եթե Մանթաշյանն ու Էյվազովը միասին բեմ դուրս գան...». բացառիկ հարցազրույց` Սպիվակովայի հետ

Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում Սաթի Սպիվակովան պատմել է, թե ինչու է միջամտել «դրեզդենգեյթին» և իր տեսակետը ներկայացրել հայ օպերային երգչուհու և ադրբեջանցի տենորի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի և ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի շուրջ ծավալված սկանդալն առնչվել է ոչ միայն բուն երաժիշտներին, այլև հայկական ծագում ունեցող ռուսաստանցի հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովային։ Նա միջամտել էր այսպես կոչված «դրեզդենգեյթին» և փորձել հարթել ստեղծված իրավիճակը, սակայն դրանից հետո սոցցանցերում նրան սուր քննադատության էին ենթարկել։ Sputnik Արմենիայի թղթակիցը դիմել է հեռուստահաղորդավարուհուն` մեկնաբանություն ստանալու համար։

– Օպերային կատարողներ Յուսիֆ Էյվազովի և Ռուզան Մանթաշյանի շուրջ ծավալված սկանդալի հետքերով արված ձեր հայտարարությունից հետո հայտնվեցիք բարդ իրավիճակում։ Չե՞ք զղջում այդ քայլի համար։

– 20 տարի հետո դուք ավելի շատ եք զղջալու չարածի, քան արածի համար։ Ինչպես ասել է Մարկ Տվենը, դեն նետեք կասկածները։ Մեկ վայրկյան անգամ չեմ զղջում, որ արել եմ այդ գրառումը։ Եվ յուրաքանչյուր բառ այնտեղ ստուգված է, կշռադատված և տառապանքով վերապրած։ Գրել եմ, որովհետև վերջին օրերին բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել բաժանորդներից, որոնք խնդրում էին մեկնաբանել իրավիճակը, ինչպես նաև բազմաթիվ քննադատություններ` լռելու համար։ Ես չեմ միջամտել, պարզապես իմ տեսակետն եմ հայտնել։ Եթե վերընթերցեք գրածս, կհամոզվեք, որ այնտեղ որևէ վիրավորական բան չկա կոնֆլիկտի որևէ կողմի համար։ Այլ կան միայն խաղաղության կոչեր և հույզերն ու բանականությունը տարանջատելու ցանկություն։

Ռուզան Մանթաշյանի չկայացած ելույթը. Ազգային ժողովը նամակ կհղի Բունդեսթագին

Ուղնուծուծով հայ եմ, անչափ սիրում եմ հայրենիքս։ Սակայն զղջում եմ որոշ հայրենակիցներիս տրամադրվածության համար, որը սոցցանցերում արտահայտվեց անպարկեշտ ու կեղտոտ խոսքերի տեսքով։ Ինձ մեղադրեցին հայրենասիրության բացակայության մեջ։ Հայտարարեցին, որ ես հայ կոչվելու իրավունք չունեմ։ Անիծեցին տոհմս։ Այդքան մաղձ, ցինիզմ, կեղտ իմ հասցեին երբեք չէի լսել։ «Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է»,-1775 թվականին ասել է Սեմյուել Ջոնսոնը։ Այժմ 2020 թվականն է։

Ես ծնվել եմ ԽՍՀՄ–ում և մեծացել այն տարիներին, երբ հայերն ու ադրբեջանցիներն ընկերություն էին անում, նստած էին մի սեղանի շուրջ, ընտանիքներ էին ստեղծում։ Եվ եթե այսօր մեր ժողովուրդները քաղաքական իրավիճակի պատանդ են դարձել և գտնվում են բարիկադի տարբեր կողմերում, ապա դա նորմալ մարդկանց մոտ պետք է ցավ առաջացնի, ոչ թե ատելություն մի ամբողջ ազգի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի նկատմամբ։ Արդեն երկրորդ սերունդն է մեծանում ատելության էներգիայով լցված։ Եվ միակ տարածքը, որտեղ այդ մասին կարելի է մոռանալ, արվեստն է, որտեղ մի լեզվով են խոսում և սեր են քարոզում։

Ադրբեջանցի Էյվազովի և Ռուզաննա Մանթաշյանի սկանդալի հանգուցալուծումը. ինչ է որոշվել

Իսկ հիմա եկեք մոռանանք, թե ով ինչ ազգություն ունի և հիշենք անմեղության կանխավարկածի մասին։ Նախ` ո՞վ և որտեղի՞ց ապացույցներ ունի, որ պայմանագիրը ստորագրվել է։ Մեկնաբանություն անողներից որևէ մեկը տեսե՞լ է այն։ Ճիշտ է, չի տեսել։ Ժամանակակից աշխարհում ոչ մի արտիստ ինքնուրույն ոչ մի քայլ չի անում, բոլոր բանակցությունները գործակալներն են վարում։ Երկրորդ` ո՞վ և որտե՞ղ է լսել կամ տեսել, որ Յուսիֆ Էյվազովը հրաժարվում է ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ։ Ամենուր բոլոր լեզուներով գրված է «իբրև» բառը։ Դա է պատճառը, որ ես տպավորություն եմ ստացել, որ այդ կոնֆլիկտը ծնվել է երկու կողմի գործակալների մեղքով ու կամքով։

Մանթաշյանի գործակալը նամակ է գրել Դրեզդենի օպերային թատրոնի տնօրենին. վեճը շարունակվում է

Էյվազովը ամուսնուս` Սպիվակովի հետ բազմաթիվ անգամ է ելույթ ունեցել, նա առաջնակարգ տենոր է և շատ լավ մարդ։ Մեր քաղաքական հայացքները նրա հետ տրամագծորեն տարբեր են, ինչը բնական է, սակայն դա չի նշանակում, որ մենք ընկերներ լինելու իրավունք չունենք։ Դա ստեղծագործող ու ազատ մարդկանց առավելությունն է։

– Այդ թեմայով զրուցե՞լ եք Էյվազովի հետ։ Եթե այո, չէի՞ք կարող մանրամասն պատմել, թե ինչ է նա մտածում այս ամենի մասին։

– Ոչ, մինչև Ինստագրամում արածս գրառումը չենք զրուցել։ Առաջինն այն կարդացել է Աննա Նետրեբկոն (օպերային երգչուհի, Էյվազովի կինը. խմբ.), այնուհետև նոր Յուսիֆ Էյվազովը, որն ավելի ուշ շնորհակալություն հայտնեց ինձ գրառմանս տակ արված մեկնաբանություններում։ Գիտեմ, որ երկուսն էլ շատ ծանր են տանում այս իրավիճակը։

«Ես հայուհի եմ, նա` ադրբեջանցի». Սաթի Սպիվակովան պաշտպանել է Յուսիֆ Էյվազովին

– Հայտնի է, որ Մանթաշյանին թույլ կտան հանդես գալ Դրեզդենում միջոցառման բացմանը։ Ի՞նչ եք կարծում` արժե արդյո՞ք, որ նա համաձայնվի այս սկանդալի ֆոնին, թե՞ ավելի լավ է հրաժարվի։

– Երգչուհու համար նվաստացուցիչ «թույլ կտան» արտահայտությունը ես կփոխարինեի «կհրավիրեն» բառով։ Այո, այսօրվա նորություններից դատելով՝ Դրեզդենի բալի կազմակերպիչները հրավիրել են նրան մասնակցելու։ Յուսիֆ Էյվազովի գործակալները նույնպես պաշտոնական հայտարարությամբ նամակ են գրել, որ սպասում են երգչուհուն։

Ռուզան Մանթաշյանը պիտի երգեր. երգչուհու գործակալը պատասխանել է ադրբեջանցի տենորին

Եթե իմ կարծիքն է հետաքրքիր` արժե՞ արդյոք, որ նա ընդունի հրավերը, ապա ես կասեի` այո, միանշանակ արժե։ Քանի որ բացակայողը միշտ սխալ է, նեղանալն էլ տեղին չէ։ Եվ եթե բոլոր կողմերի նման հուզական պոռթկումից հետո Մանթաշյանն ու Էյվազովը միասին բեմ դուրս գան, դա կզինաթափի պատերազմող կողմերին, բոլոր չարակամներին, նրանց, ովքեր խաղում են ազգայնամոլության պայթյունավտանգ հողի վրա, փորձում են արվեստի մարդկանց միջև թշնամանք սերմանել։ Արտիստները պահպանագիր ունեն՝ հանդիսատեսի սերը։