Անհայտ անձինք ներխուժել են Մոսկվայի հյուրանոցներից մեկն ու կրակ բացել. կան տուժածներ

Միջադեպի հետևանքով երկու տղամարդ հիվանդանոց է տեղափոխվել։ Նրանցից մեկը ձախ կողոսկրի շրջանում և ծնոտի հատվածում հրազենային վնասվածք ուներ, երկրորդը` որովայնի շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Անհայտ անձինք ներխուժել են Մոսկվայի հարավ–արևելքում գտնվող հյուրանոցներից մեկը և ծեծկռտուքի ընթացքում կրակ բացել, երկու մարդ վիրավորվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

Գերատեսչության տեղեկության համաձայն` հունվարի 22-ին` ժամը 23.14–ին «02» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Կերչենսկի փողոցի հյուրանոցում հրազենային վնասվածքով անձինք կան։ Նշված հասցեում է գտնվում «РАО Академическая» հյուրանոցը։

«Անհայտ անձինք ներխուժել են հյուրանոցի տարածք, որտեղ քաղաքացիների հետ ունեցած կոնֆլիկտի ընթացքում մի քանի անգամ կրակել են դեռևս չպարզված, ենթադրյալ տրավմատիկ զենքից», – նշված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի հետևանքով երկու տղամարդ հիվանդանոց է տեղափոխվել։ Նրանցից մեկը հրազենային վնասվածք ուներ ձախ կողոսկրի շրջանում և ծնոտի հատվածում,  երկրորդը` որովայնի շրջանում։

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում։