Ոչ մի քաղաքացի չպիտի մնա հիվանդանոցների դռներին. Փաշինյանը կոչ է անում միանալ բանավեճին

ՀՀ կառավարությունը քննարկում է` ինչ մոդելով փոխհատուցել ՀՀ քաղաքացիների առողջապահական ծախսերը։ Վարչապետը վստահեցրեց, որ կառավարությունում կարծիքները տարբեր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չպիտի մնա հիվանդանոցների դռներին։ Խնդիրը, վարչապետի խոսքով, դրված է, բայց լուծման վերաբերյալ միասնական մոտեցում չկա։

«Առողջապահության նախարարն ունի իր տեսակետը, կառավարությունում կան անդամներ, որոնք ունեն այլ տեսակետ։ Ես ինքս այդ հարցի շուրջ չունեմ ձևավորված տեսակետ»,– ասաց վարչապետը` պատգամավորներին ևս կոչ անելով միանալ կառավարությունում ընթացող բանավեճին։

Իսկ պատգամավորի դիտարկմանը, թե բժշկի գնալը ՀՀ քաղաքացիների համար մեծ բեռ է, վարչապետը հիշեցրեց 2020-23թթ–ին նվազեցվող եկամտահարկի ու ավելացող եկամուտների մասին։

Կորոնավիրուսը Հայաստան դեռ չի եկել. Արսեն Թորոսյանը պատասխանեց մտահոգություններին

«2020թ–ի հունվարի 1-ից սկսած` եկամտահարկի փոփոխության արդյունքում ՀՀ 130 000 քաղաքացիներն աշխատավարձից դուրս 2-4 մլրդ դրամ ազատ տնօրինվող գումար են ունենալու»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ մինչև 2023թ–ը միասնական եկամտահարկը նախատեսվում է նվազեցնել մինչև աշխատավարձի 20 տոկոսի չափով։

2020թ–ի հունվարի 1-ից ՀՀ բոլոր աշխատողները վճարում են 23 տոկոս եկամտահարկ, ինչը մինչև 150 000 դրամ ստացողների համար փոփոխություն չի ենթադրում, իսկ դրանից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում ենթադրում է իրական եկամուտների աճ` 3 և ավելի տոկոսի չափով։

Տարածքային զարգացման բանաձևի հարցում կողմնորոշվել են. Փաշինյանը հանդիպել է մարզպետներին

Հիշեցնենք` առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ էր դրել համընդհանուր բժշկական պարտադիր ապահովագրության հայեցակարգ, որի համաձայն` աշխատավարձի 4-6 տոկոսի գանձումը ծրագրվում է ներմուծել 2022թ–ից։

Նախագծի հեղինակները շեշտում էին, որ 2021թ.–ից բոլոր աշխատող քաղաքացիների եկամտահարկը, անկախ աշխատավարձի չափից, կկազմի 20 տոկոս. այսինքն` բնակչության 59 տոկոսի համար այն կնվազի 4 տոկոսով։
Հայեցակարգը կառավարության հավանությանն առայժմ չի արժանացել։

Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել