Տարածքային զարգացման բանաձևի հարցում կողմնորոշվել են. Փաշինյանը հանդիպել է մարզպետներին

Արդեն երկրորդ տարին է` պետբյուջեից 10 մլրդ դրամ են հատկացնում սուբվենցիոն ծրագրերի համար։ Փաշինյանը խոստանում է ավելին տրամադրել, եթե այդ գումարն իրացնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը։ Վարչապետը նման կարծիք է հայտնել մարզպետների մասնակցությամբ կառավարությունում այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։

«Մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային զարգացումը: Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա»,–ասել է վարչապետը։

Նրա խոսքով` արդեն երկրորդ տարին է` պետբյուջեից 10 մլրդ դրամ են հատկացնում սուբվենցիոն ծրագրերի համար: Սակայն վարչապետն այսօր տեղեկանք է ստացել, որ համայնքները դեռևս չեն կարողանում տարեկան այդ 10 մլրդ դրամն իրացնել ամբողջ ծավալով: Փաշինյանը վստահեցնում է` երբ համայնքները 10 մլրդ դրամը կիրացնեն, պետական բյուջեից հատկացումը կավելանա։

Հայաստանի մարզերում ծրագրավորողների համար նոր աշխատաշուկա է բացվում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ նախորդ տարի պետություն-համայնք համագործակցության ընթացքում իրականացվել են ընդհանուր 16 մլրդ 378 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 9 մլրդ 597 մլն դրամ:

«2019թ. ընթացքում կատարել ենք 6 մլրդ 366 մլն դրամի փոխանցում: Մնացած հատվածը մենք չփոխանցեցինք համայնքներին, այլ 2020 թ. սխալները շտկելու հնարավորություն ենք տվել։ Միայն այս տարվա ընթացքում, եթե հավուր պատշաճի աշխատանքը կատարված կլինի, նոր կկատարվեն մնացած փոխանցումները»,–ասել է նախարարը։

Ինչու է մարզային դպրոցներում ոչ համաչափ ջերմաստիճան. Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը

Որպես սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հիմնական խնդիրներ՝ Պապիկյանը նշել է նախագծերի որակը, կատարողների որակական պատրաստվածությունը: Նախարարի խոսքով՝ այս տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է մարզերում մոտ 9 մլն դոլարին համարժեք էներգախնայող համակարգերի ներդրում, որը հնարավորություն կտա պանելային բոլոր շենքերը դարձնել էներգախնայող:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում Փաշինյանն այցելում էր մարզեր` սուբվենցիոն ծրագրերին ծանոթանալու։ Նա, օրինակ, նոյեմբերի 17-ին աշխատանքային այց էր կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Անուշադրության զոհը. Լոռու մարզի 170-ամյա եկեղեցին օր օրի ավելի է ավերվում. լուսանկարներ