Ինչու է ամուսինը դանակով հարվածել 22-ամյա հղի կնոջ որովայնին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Հղի կինը որովայնի և ձախ բազկի կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ամուսնուն կալանավորել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Վանաձորում 23–ամյա երիտասարդը դանակով հարվածել է իր հղի կնոջը, քանի որ վերջինս հրաժարվել է բնակվել նրա հետ։ ՔԿ–ի մամուլի ծառայությունը ներկայացնում է հունվարի 17-ին տեղի ունեցած դեպքի մանրամասները։

Երևանում դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 14–ամյա պատանի

«Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, տեղեկանալով իր 22–ամյա կնոջ հղի լինելու մասին, պահանջել է բնակվել իր հետ։ Մերժում ստանալով՝ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է կնոջը՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ;

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Վանաձորի ԲԿ–ից ոստիկանությանը հայտնել էին, որ Վանաձոր քաղաքի բնակչուհին իրենց մոտ է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի թափանցող և ձախ բազկի կտրած-ծակած վնասվածքներ» ախտորոշմամբ։