Հայաստանը հաստատել է հակադոպինգային նոր օրենսգիրքը, ընտրվել է գործակալության նոր նախագահ, որն ունի շատ մեծ ծրագրեր, և եթե այդ ամենն իրագործվի, ապա դոպինգի դեմ պայքարն ավելի կուժեղանա: Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի Հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը։
«Նոր օրենսգրքում հստակ նշված է երկու կետ, որոնք մինչ օրս չկային: Առաջինը հակադոպինգային կազմակերպությունների գործունեության մասին է: Նույն օրենսգրքի համաձայն՝ ազգային հակադոպինգային կազմակերպությունները պետք է իրենց գործնական որոշումներում և գործընթացներն իրականացնելիս ամբողջովին անկախ լինեն կառավարությունից, Օլիմպիական կոմիտեից և այլ կառույցներից: Ոչ ոք իրավունք չունի միջամտել նրանց գործունեությանը»,- նշեց պրոֆեսորը:
Ինչից էին ծնվում դոպինգային սկանդալները մեր սպորտում. բացահայտում է Արեգ Հովհաննիսյանը
Արեգ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ երկրորդ կարևոր կետն առնչվում է երկրների կառավարություններին, որոնք ստորագրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիան, ուստի պարտավոր են պատշաճ կերպով ֆինանսավորել հակադոպինգային ծառայության գործունեությունը:
«Ընդունվել է նաև մի որոշում, որը նույնպես ունի էական նշանակություն, թեև անմիջականորեն կապված չէ օրենսգրքի հետ, սակայն առնչվում է համապատասխանության ստանդարտին: 2018թ.-ի ռուսաստանյան սկանդալից հետո ընդունվեց նաև օրենսգրքի համապատասխանության ստանդարտ, որի համաձայն՝ հակադոպինհգային ցանկացած կազմակերպություն պետք է ունենա առնվազն երեք բաժին»,- նշեց մասնագետը:
Հակադոպինգային գործունեությունը հետայսու բաժանվում է երեք մասի՝ համապատասխանության բաժնի աշխատանքը, թեստավորման և հետաքննության բաժնի աշխատանքը և կրթական բաժնի աշխատանքը:
Հիշեցնենք` Համաշխարհային հակադոպինգային ծառայության կոնգրեսը Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացավ 2019թ.-ի նոյեմբերի 7-ին։
Թեև մերոնք չեն ներքաշվել դոպինգային սկանդալի մեջ, բայց ռիսկերը միշտ կան. Արեգ Հովհաննիսյան