Շահան Գանդահարյանը հայտնեց, որ լիբանանահայ համայնքը մաս կազմելով ընդհանուր լիբանանյան հասարակության՝ իր վրա կրում է տնտեսական ճգնաժամի բոլոր հետևանքները: Նրա խոսքով՝ ամենասուր տագնապի զգալի կետը ֆինանսական խնդիրն է, գործազրկությունը:
2019 թվականի դեկտեմբերի 19-ին Լիբանանի խորհրդարանը վարչապետ էր ընտրել Հասսան Դիաբին: Անցյալ տարվա հոկտեմբերից երկրում ծայր էին առել բողոքի և անհնազանդության ցույցեր ու հավաքներ, ցուցարարները պահանջում էին տնտեսական բարեփոխումներ ու նոր կառավարություն։ ՀՀ քաղաքացիներին կոչ էին արել Լիբանանում հեռու մնալ մարդաշատ վայրերից։
Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին հրաժարական է տվել
«Կա նաև որոշակի արտագաղթ: Երբ ճգնաժամ է, լինի պատերազմական վիճակ, թե տնտեսական ճգնաժամ, բնականաբար մարդիկ հեռանում են Լիբանանից ու մասնավորապես լիբանանահայ համայնքից: Մեկնածների որոշ մասն էլ գալիս է Հայաստան, դիմում են քաղաքացիություն ստանալու համար, վարձում կամ գնում են բնակարաններ տարբեր քաղաքներում, սակայն դա զանգվածային արտագաղթ չէ: Մեր համայնքը կարևորագույններից մեկն է և լիարժեքորեն ընդգրկված է հասարակական գործընթացներում: Թեև իրավիճակը խուճապային չէ, այդուհանդերձ տնտեսական տագնապի միտումները տեսանելի են»,- նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը:
Գանդահարյանի խոսքով՝ թեև լիբանանահայ կազմակերպություններն այս պահին ներդաշնակորեն և անխափան աշխատում են, բայցևայնպես նրանք նույնպես ազդվել են տնտեսական տագնապից, մտածում են կրճատումների մասին, նաև կազմակերպում օժանդակություն կարիքավոր հայ ընտանիքների համար՝ նրանց տալով նվիրատվություններ: Լիբանանահայ համայնքն իր կառույցներով օպերատիվ կերպով կազմակերպել է այդ գործընթացը: