Ադրբեջանցի Էյվազովի և Ռուզաննա Մանթաշյանի սկանդալի հանգուցալուծումը. ինչ է որոշվել

Ադրբեջանցի Էյվազովի և հայ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի շուրջ առաջացած սկանդալը սենսացիոն հանգուցալուծում է ստացել։ ԵՀՄՖ հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Երկօրյա քննարկումների արդյունքում Դրեզդենի Semper Opera Ball-ի տնօրինությունը որոշել է վերականգնել օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի բացման արարողության տրված պատիվը։

Ռուզան Մանթաշյանի չկայացած ելույթը. Ազգային ժողովը նամակ կհղի Բունդեսթագին

Ըստ Եվրոպայի հայերի միության (ԵՀՄՖ) Facebook-ի էջում հրապարակված տեղեկության`երեկ՝ հունվարի 21-ին, ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանին է զանգահարել Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը և հայտնել այս որոշման մասին՝ կապված փետրվարի 7-ին Դրեզդենի Semper Opera Ball-ում երգչուհի, հայտնի սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցության վերաբերյալ։

Հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Համերգի կազմակերպիչները չեղարկել էին հայ երգչուհու ելույթը։

«Ես հայուհի եմ, նա` ադրբեջանցի». Սաթի Սպիվակովան պաշտպանել է Յուսիֆ Էյվազովին

«Ինչպես ակնկալվում էր, տենոր Յուսիֆ Էյվազովն իրեն ուղղված մեղադրանքներին չկարողացավ բավարար պատասխան տալ, սակայն մեղադրանքներ հնչեցին նաև Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյի հասցեին։ Երեկ երեկոյան դոկտոր Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ դոկտոր Ֆրեյը տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում որոշում են ընդունել՝ վերականգնել Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի բացման արարողության տրված պատիվը և խնդրել է ԵՀՄՖ նախագահին այդ մասին հայտնել հանրությանը, ինչպես նաև Ռուզաննա Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéra-ի ղեկավար Ռենե Մասսիսին։ Դոկտոր Ֆրեյն իր խոսքում նշել է նաև, որ այդ որոշման մասին Էյվազովն արդեն տեղեկացված է»,–գրված է ֆեյսբուքյան էջում։

Պատկերացրեք` նման բան անեին Իսրայելի քաղաքացու հանդեպ. Պապյանը` հայ երգչուհու դեպքի մասին

Տեղեկացվում է, որ այսօր Ռուզան Մանթաշյանը կտա իր պատասխանը, սակայն անկախ պատասխանի դրական կամ բացասական լինելուց, ԵՀՄՖ նախագահությունը հայտնում է իր շնորհակալությունը դոկտոր Ֆրեյին արդարացի լուծման համար։

ԵՀՄՖ–ն հայտնում է նաև, որ այսօր սպասում են Semper Opera Ball-ի կողմից ասվածի գրավոր հաստատմանը, որից հետո այս հայտարարությունը կներկայացվի նաև օտարերկրյա մամուլին։