Զինվորին ինքնասպանության հասցնողն այսուհետ ավելի խիստ կպատժվի

Օրինագծի հեղինակները վստահ են, որ օրենքի խստացումը կնպաստի բանակում ոչ կանոնադարային հարաբերությունների ու ողբերգական դեպքերի նվազեցմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովը միաձայն, (120 ձայնով) երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:

Բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերն ավելացել են. ԳՇ պետն ամփոփեց տարին

Հայկական բանակում ստեղծվում է նոր` «1991» ստորաբաժանում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի ու Արման Աբովյանի օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելուն։

Քրեական օրենսգրքում լրացվող նոր հոդվածով սահմանվում է, որ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար զինծառայողներն այսուհետ կպատժվեն 3-8 տարի ազատազրկմամբ։

Հայաստանի բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Եթե նույնը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից, ղեկավարի կողմից և պարբերաբար, ազատազրկումը կլինի 5-10 տարի ժամկետով։

Իսկ ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ զինվորին ինքնասպանության հասցնողը կազատազրկվի 7-12 տարով:

Նշենք, որ գործող Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը չի առանձնացնում` ինքասպանություն գործողը զինվորական է, թե` ոչ։ Բոլոր դեպքերի համար նախատեսված առավելագույն պատիժն էլ չի գերազանցում ազատազրկման 5 տարին։

Ինքնաթիռներ, սնունդ, աշխատավարձ և ոչ միայն․ ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար