ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Ինձ համար մշուշոտ է՝ ինչու՞ հիմա ոստիկանությունն օժտվեց այդ գործառույթով»

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Sputnik
Հովհաննիսյան. «Ինձ համար մշուշոտ է՝ ինչու՞ հիմա ոստիկանությունն օժտվեց այդ գործառույթով»

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը օրենքով նախատեսված է որպես հեռախոսային խոսակցությունների վերահսկում, օպերատիվ հետախուզական գործունեություն: Ուղղակի մեր բառամթերքի մեջ մտել է որպես գաղտնալսում:

Զգույշ խոսեք. ԱԺ–ն ընդունեց գաղտնալսումների մասին օրինագիծը

«Գաղտնալսումը նախկինում ևս իրականացրել են ոստիկանությունը, հետաքննիչներն ու ԱԱԾ մարմինները: Տարբերությունն այն էր, որ ձայնագրառման տեխնիկական հնարավորությամբ օժտված է եղել միայն ԱԱԾ համակարգում գործող օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը: Թեպետ գաղտնալսման իրավունք ունեցել է թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն, սակայն տեխնիկական ձայնագրառումներն իրականացրել է միայն ԱԱԾ համակարգում գործող վերոհիշյալ վարչությունը»,- նշեց փաստաբանը: 

Հովհաննիսյանի խոսքով՝ նոր օրենքով իրավունք է վերապահվում ոստիկանության  համակարգում ևս ունենալ օպերատիվ-տեխնիկական նմանատիպ վարչություն և խոսակցությունները ձայնագրառելու հնարավորություն: 

Փաստաբանը դժվարանում է պատասխանել` ինչու է հենց հիմա ոստիկանությունն օժտվում նման գործառույթով, մինչդեռ պաշտոնական վարկածն ուժային երկու կառույցների լիազորությունների հավասարակշռումն է և օրենսդրական բացի համալրումը, որովհետև, դիցուք` ԱԱԾ աշխատակիցը չի կարող գաղտնալսել ԱԱԾ մեկ այլ աշխատակցի, ինչն այժմ կվերապահվի ոստիկանությանը:

Քննիչը լսել է մեղադրյալի և փաստաբանի խոսակցությունը. ՔԿ-ն ուսումնասիրություն է անցկացնում

Հովհաննիսյանը մտահոգություն ունի, որ նշված գործառույթը կարող է վերածվել կամայականության:      

Նշենք, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօր ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որն ավելի հայտնի է որպես «գաղտնալսումների մասին օրենք»։

Կառավարությունն ԱԺ–ին կոչ է անում դեմ քվեարկել գաղտնալսումների մասին օրինագծին

Նոր փոփոխություններով ՀՀ ոստիկանությանն իրավունք է տրվում օպերտիվ–հետախուզական աշխատանքների շրջանակում հեռախոսազրույցները գաղտնալսել առանց դրա համար հատուկ թույլտվություն ստանալու։ Մինչ օրենքի փոփոխությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունքը վերապահված էր միայն ԱԱԾ–ին, ոստիկանությանը` ԱԱԾ թույլտվությամբ և ՔԿՀ–ին` միայն հիմնարկի տարածքում և միայն դատապարտյալների նկատմամբ։