Հայտնի է` որ տեղն է զբաղեցրել Հայաստանը 2020թ–ի «ամենահզոր» անձնագրերի վարկանիշում

Ճանապարհորդությունների համար «ամենահարմար» անձնագիրը նախկինի նման ճապոնականն է։ Այս տարի Ճապոնիայի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզայի այցելել 191 երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Henley & Partners ընկերությունը հրապարակել է տարբեր երկրների անձնագրերի ինդեքսը, որտեղ հայկական անձնագրերը զբաղեցրել են 81–րդ տեղը Մոնղոլիայի և Բենինի անձնագրերի հետ միասին։

Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 62 երկիր։

Թրամփը ծրագրում է խստացնել ԱՄՆ–ի վիզա տրամադրելու կանոները. ԶԼՄ

Henley Passport Index–ի համաձայն` ճանապարհորդությունների համար «ամենահարմար» անձնագիրը նախկինի նման ճապոնականն է։ Այս տարի նրանք հնարավորություն ունեն առանց վիզայի այցելել 191 երկիր։ Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Սինգապուրը, այս երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 190 երկիր։ Երրորդ հորիզոնականում Հարավային Կորեան և Գերմանիան են։ Այդ երկրների անձնագրերով առանց վիզայի կարելի է այցելել 189 երկիր, Ֆինլանդիայի և Իտալիայի քաղաքացիները` 188 երկիր։ Վարկանիշի հինգերորդ տեղում Դանիայի, Լյուքսեմբուրգի անձնագրերն են, որոնց քաղաքացիները կարող են այցելել 187 երկրներ։

Երևանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ

Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 51–րդ տեղը, ռուսաստանցիները 2020թ–ին առանց վիզայի կարող են այցելել 118 երկիր։ Վարկանիշի վերջին հորիզոնականը զբաղեցրել է Աֆղանստանը (107–րդ հորիզոնական)։ Այդ երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 26 երկիր։

Henley & Partners ընկերությունն արդեն 15 տարի կազմում է անձնագրերի վարկանիշեր` հիմնված տվյալների վրա, որոնք տրամադրել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA):