ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները լուրջ արդյունքներով` 18 մեդալով են վերադարձել Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայից:
«Մեր դպրոցը երբեք դատարկաձեռն չի վերադարձել միջազգային օլիմպիադաներից: 2005 թվականից այսօր 7 ոսկի ունենք, 36 արծաթ: Ասեմ, որ այս անգամ ներկայացված պետությունների մեջ թիմային պայքարում մեր դպրոցը 4-րդն էր»,–այսօր կայացած ասուլիսին ասաց Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի ղեկավար Սուրեն Գրիգորյանը` հավելելով, որ Հայաստանը ներկայացված էր 26 աշակերտով. 10–ը «Քվանտից» , 16–ը` ֆիզիկամաթեմատիկական դպրոցից։
Օլիմպիադային մասնակցել է 16 երկիր՝ հետխորհրդային և եվրոպական պետություններ: Ընդհանուր առմամբ 600 մասնակից է եղել:
«Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ, թիմի ղեկավար Էդգար Վարդանյանը նշեց, որ օլիմպիադան կազմակերպվել է երեք առարկայից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա»:
«Առանձին առարկաների գծով մրցույթը բաղկացած էր երկուական փուլից: Բավական բարդ առաջադրանքներ էին: Մեր աշակերտների մեծ մասը կարողացավ խնդիրների զգալի հատվածը լուծել և արժանանալ մեդալների: Տարածաշրջանային երկրների համեմատ մենք առաջնային դիրքերում ենք»,-ասաց Էդգար Վարդանյանը:
Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և ոսկե մեդալ նվաճել
Նշենք, որ Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադան անցկացվել է 2020 թ. հունվարի 8-14-ը: Առաջիկայում ևս մեր աշակերտները կմասնակցեն միջազգային օլիմպիադաներին: Նրանք նպատակ ունեն վերադառնալ նոր ձեռքբերումներով ու նվաճումներով: