ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Այսօր կեսօրից ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված մսավաճառները վիրավորված են կառավարության ու վարչապետի վերաբերմունքից։
«Էս նշանակում է, այ հարիֆներ, գնացեք մտեք ձեր գոմերը, ձեր գործերն արեք, բերեք լցրեք ըստեղ, մենք էլ Մարությանի հետ ինչքան կարանք, պարգևավճարներ կստանանք»,– լրագրողների հետ զրույցում ասաց նրանցից մեկը` հավելելով, որ չեն հեռանալու, մինչև վարչապետը չընդունի ու չլսի իրենց բողոքը։
«Սպանդանոցները չեն աշխատում։ Ես էլ հիմա կարող եմ սպանդանոց բացել, բայց դրանք չեն աշխատում, իրենց նպատակին չեն ծառայում։ Մենակ գյուղացուց փող պոկելու համար են։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետը ասում է հիվանդությունների վերահսկման համար են անում։ Դրա փոխարեն թող փողոցային առևտուրն արգելեն»,– իրենց բողոքները լրագրողներին այսպես ներկայացրեցին ակցիայի մասնակիցները։
Նրանց խոսքով` սպանդանոցներն այսօր միայն անասունների մորթ են իրականացնում, իսկ խոզի ու տնային թռչունների մորթի տեղ Հայաստանում ընդհանրապես չկա։ Բայց կա օրենք, որն արգելում է դրանց մսի վաճառքն առանց սպանդանոցից տրված տեղեկանքի։
Իրենց ձայնը կառավարության շենքի ներսում լսելի դարձնելու համար մսավաճառները ակցիայի ընթացքում փորձեցին փակել Հանրապետության հրապարակի երթևեկելի հատվածը։ Բայց ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին փողոցի բանուկ մասից։
Արդեն 2 ժամ շարունակվող բողոքի ակցիային մասնակցում են հարյուրավոր գյուղացիներ։ Կառավարության շենքի դիմաց են նաև մեծ թվով ոստիկանական ուժեր։
Վարչապետի ընդունելությանը չարժանացած անասնապահներն ի վերջո որոշեցին վերադառնալ մարզեր ու վաղն առավոտից փակել մարզային ճանապարհները։
«Եթե մենք եկել ենք, ու իրենք մեզ չեն ընդունում, ուրեմն այնպես կանենք, որ իրենք ստիպված կլինեն գալ մեզ մոտ»,– հայտարարեցին նրանք։
Հիշեցնենք` ս.թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումն այն մասին, որ ՀՀ ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչը անվտանգության երաշխիք է։
Իսկ դուք իմ վարկը կմուծե՞ք. ֆերմերները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության մոտ
Հունվարի 15-ին որոշման դեմ բողոքող ֆերմերները հայտարարում էին, որ սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, բայցի այդ շատ տեղերում դրանք ընդհանրապես բացակայում են, և անասուն մորթելու համար ֆերմերը ստիպված է լինում տասնյակ կիլոմետրեր անցնել։