Հայտնի է Արցախի նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունների օրը

Համապետական ընտրությունների օրվա մասին հայտնել է Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. 2020թ-ի մարտի 31-ին Արցախում համապետական ընտրություններ կանցկացվեն։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա մասին այսօր հայտնել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Պողոսյան. «Պետք է թողնել, որ արցախցին հանգիստ պայմաններում կատարի իր ընտրությունը»

ԱՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն`Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը»,– հայտնել է Սրբուհի Արզումանյանը:

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը` համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

Հիշեցնենք` գործող նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ 2020 թվականի ընտրությանը չի մասնակցելու։

Այս պահին նախագահի հավանական թեկնածուներն են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պատգամավոր Հայկ Խանումյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, պատգամավորներ Վահան Բադասյանն ու Ռուսլան Իսրայելյանը, «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։